Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 5 տարի առաջ մայիսի 20-ին դատարանները չծնկեին՝ այսօր կոտրված ողնաշարով արդարադատություն չէինք ունենա». փաստաբան

Մայիս 24,2023 14:00

Մայիսի 20-ին՝ Երեւան քաղաքի դատավոր Ժորա Չիչոյանի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանին մեկ ամսով կալանավորման որոշումից հետո (վարչապետի որդուն արեւանգելու կասկածանքով), սոցիալական ցանցերում, մեդիա հարթակներում իրենց տարատեսակ կարծիքների մեջ առանձնացրել ենք հատկապես ծանր քրեական, անձի դեմ ուղղված հանցագործությունների գործերով հայտնի փաստաբանների, իրավաբանների, իրավապաշտպանների խոսքը, որը «Առավոտի» իրավական էջը ներկայացնում է հատվածաբար:


Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյան
– Քննչական եւ դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի եւ բարոյական նորմերի միջեւ ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջեւ։ Որոշ իրավիճակներում, գրագետ եւ կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից եւ հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Ենթադրյալ առեւանգման՝ հնչեղություն ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայնդեպս, Կնոջ կողմից պլանավորված չէ եղել. ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։

Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ եւ այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։

Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված՝ պատմական եւ իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն. «Յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին եւ դեմքերին` պատմության տված գնահատականներին միայն գրքերից տեղեկանալու անհրաժեշտություն չկա. ամեն բան մնում է «կենդանի»։ Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ «նեոմացոյական» երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը։

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյան-Կնոջ արարքում բացակայում է արարքն ուղղակի դիտավորությամբ կատարելը, քանի որ իր նպատակը եղել է երիտասարդի հետ Եռաբլուր գնալը, որի մասին նա բարձրաձայնել է եւ որի առնչությամբ երիտասարդը գիտակցված եւ կամավոր առարկություն, չգնալու ցանկություն, ավտոմեքենան կանգնեցնելու պահանջ կամ որեւէ այլ եղանակով մերժում չի ներկայացրել, հետեւաբար՝ տիկին Գայանեն չգիտեր եւ չէր էլ կարող իմանար երիտասարդի ենթադրությունների, մտավախությունների կամ այլ մտքերի մասին, ինչը բացառում է երիտասարդին նրա կամքին հակառակ այլ վայր տեղափոխելու առնչությամբ իր մոտ ուղղակի դիտավորության առկայությունը:

Երիտասարդի փաստարկումն առ այն, որ նա մտածել կամ ենթադրել է, որ իրեն առեւանգում են, բավարար պայման չէ արարքը մարդու առեւանգում որակելու համար, քանի որ անգամ ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպերով, օրինակ՝ ԿԴ1/0025/01/11 քրեական գործով նշելով, որ թեեւ սպառնալիքի իրական լինելը հավաստելու համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը կարեւոր է, սակայն արարքի որակման համար այն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է։ Հնարավոր են դեպքեր, երբ օբյեկտիվ իրադրությունը հիմք չի տալիս սպառնալիքն իրական գնահատելու համար, սակայն անձն իր հոգեկան լարված վիճակի, հոգեկան առանձնահատկությունների կամ այլ պատճառներով իրականությունը խեղաթյուրված է ընկալում` կարծելով, թե սպառնալիքն իրական է։ Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են սպառնալիքի բովանդակությունը, սպառնալիք տալու եղանակը, դեպքի վայրը, ժամանակը, հանցավորի եւ տուժողի միջեւ հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը եւ այլն։

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան– Կալանքը ծայրահեղ միջոց է, այլ ոչ թե առաջնային տարբերակ: Դրա համար է նաեւ, որ ամրագրված է կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը վերացնելու դատախազի իրավասությունը, եւ վարույթի ընթացքը կախված չէ կալանքից: Իրավական պետության դատարանի կամ թեկուզ իրավապահ մարմնի որոշումը չի կարող անտեսել բարոյական, այն էլ այս աստիճան նվիրական արժեքները: Չէ՞ որ խոսքը Հայրենիքի պաշտպանության նվիրական գործի համար որդուն կորցրած կնոջ մասին է, ով որդու կորստից հետո պետությունից այդպես էլ չի կարողանում ստանալ իր հարցերի պատասխանները, բողոքի ձայն բարձրացնելու համար արժանապատվությունը բացահայտ նսեմացնող ձեւով Եռաբլուրից բերման է ենթարկվում ու որեւէ պաշտոնյա դրա համար պատասխանատվություն չի կրում, իսկ հետո էլ հայտնվում է դատական քաշքշուկների մեջ հենց այդ պետության գիտակցված նախաձեռնությամբ: Սրան գումարած ձերբակալումն ու կալանքն առկա իրավիճակում ավելի են նպաստում ատելության խոսքի աճին ու լարվածությանը հասարակությունում, մարդկանց պառակտմանը:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյան– Զոհված զինծառայողի մորը կալանքը միայն վնասելու է, նա կարիք ունի հոգատարության եւ աջակցության։ Պատրաստ եմ աջակցելու, ինչով հնարավոր է եւ թեթեւացնելու նրա ծանր հոգեբանական վիճակը։

Ինչ վերաբերում է այս միջադեպից քաղաքական դիվիդենդներ շահողներին ու օգտվողներին, ատելություն ու հայհոյանք տարածողներին, նրանց անտեսում եւ անտեսելու եմ։

Փաստաբան Կարինե Լալաբեկյան– Նոր հիշեցի՝ այսօր մայիսի 20-ն է՝ ՀՀ-ում Սահմանադրական կարգի տապալման՝ դատարանների շրջափակման օրը: Եթե 5 տարի առաջ դատարաններն իրենց տեղում լինեին եւ չծնկեին՝ այսօր կոտրված ողնաշարով արդարադատություն չէինք ունենա:

Փաստաբան Երվանդ Վարոսյան-Ժորա Մարտիրոսյանը ՌԴ-ից էր վերադարձել Հայաստան զինված ուժերում ծառայելու։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա կրկին ՌԴ-ում էր, արդեն որպես Հայաստանի լավագույն տանկիստ մասնակցում էր զորավարժությունների։ Հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 2-ին ու նետվեց պատերազմի։ Ժորա Մարտիրոսյանը հերոսաբար զոհվեց հոկտեմբերի 22-ին, ինքն իրեն նետել է թշնամու գիրկը՝ հանուն ընկերների, որոնց մենակ թողնել մարտի դաշտում չէր կարող, բոլորը զոհվել են միասին նույն վայրում: Ժորա Չիչոյանը, ըստ պաշտոնական կենսագրության, զինված ուժերում չի ծառայել, սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, 4 տարի դատախազ է աշխատել, նշանակվել է դատավոր ու կալանավորել է Ժորա Մարտիրոսյանի մորը։

Փաստաբան Արսեն Մկրտչյան– Այլեւս ի՞նչ խղճով կամ սրտով ասեմ` «հարգելի» կամ «պատվարժան» դատարան։

Փաստաբան Կարեն Մեժլումյան– Մարդուն առեւանգելու հանցակազմի համար պարտադիր է տուժողին, իր կամքին հակառակ, այդ թվում խաբեությամբ, այլ վայր տեղափոխելուց հետո այդտեղ նրան (անազատության մեջ) պահելը: Այսինքն, որպեսզի արարքը որակվի առեւանգման փորձ կամ առեւանգում, պետք է ապացուցվի, որ առեւանգողը նպատակ է ունեցել անձին, իր կամքին հակառակ, օրինակ՝ Եռաբլուր տեղափոխելուց հետո, այդտեղ նրան պահել (անազատության մեջ): Պատահական չէ, որ «Ազատությունից ապօրինի զրկելը» հանցակազմը կլանվում է «Մարդուն առեւանգելը» հանցակազմի մեջ:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյան– Ես ամաչում եմ, էս, ինչ կատարվում է, մեր բոլորիս ամոթն է։ Հիմա եթե Գայանեի նկատմամբ տեղի ունեցածը լիներ եվրոպաներում, ապա աշխարհը, մեր ազգի մի հատվածն էլ հետը (տարբեր ՀԿ-ներ ու կանանց իրավունքների պաշտպաններ …) իրենց կճղեին, համացանցը կողողեին քննադատություններով ու կոչերով …. Բա հիմա ո՞ւր եք, ո՞ւր……

Փաստաբան Արսեն Բաբայան– Պատերազմի ժամանակ, երբ մեր բանակով ցուցադրաբար հպարտանում էիր, բայց դավադրաբար մահվան տանում, նրանց մեջ էին նաեւ հենց այդ մարդկանց զավակները: Այս ծնողները մեր երկրում բացառիկ իրավունք ունեն եւ երեսներիդ թքելու, եւ ձեզ բոլորիդ Եռաբլուր տանելու նպատակով «առեւանգելու»…

Գայանեն պետք է անմիջապես ազատ արձակվի:

Փաստաբան Աննա Ծառուկյան-Դատապարտում եմ այս ապօրինի որոշումը, սա որեւէ կերպ հանդուրժել չի կարելի:

«Առավոտ» օրաթերթ
23.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031