«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստն սկսվելուց առաջ լրագրողներին ասաց․ «Այսօր ավելի կարեւորագույն պրոբլեմներ կան, քան իմ դատական պրոցեսը։ Եթե սրանով խնդիրները լուծվելու են, կարեւորագույն պրոբլեմները լուծվելու են, Արցախի շրջափակումը բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովվելու է կամ ժողովուրդը անվտանգ, ուրախ ապրելու է, ուրեմն ես կնախընտրեմ, որ դատական պրոցեսը հա շարունակվի։ Բայց այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, որը մարդիկ չեն էլ պատկերացնում»։
Գագիկ Ծառուկյանը պատասխանեց նաեւ հերոսի մայր Գայանե Հակոբյանի կալանավորման մասին իր տեսակետն արտահայտելու մասին հարցին։ «Տվյալ օրն անընդհատ մտածել եմ, ու դա մտքիցս դուրս չէր գալիս։ Գրեթե ամբողջ օրը չեմ քնել։ Մարդու հավատը չի գալիս։ Այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատ է։ Մի տասը, քսան օր առաջ ես ասել եմ, որ մինչեւ մենք չունենանք ներքին համաձայնություն, համերաշխություն, ոչ մի լավ բան չի կարող լինել»։
Անդրադարձ եղավ նաեւ Կոտայքի մարզում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու ճակատագրին։ «Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն Քրիստոնեությունը ընդունել ենք եւ պետք է կարողանանք ի ցույց աշխարհի ասել, որ հայ ժողովուրդը, Հայաստանն է առաջինն աշխարհում։ Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է։ Արդեն 18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորում ենք։ Երեւի 2024 թվականին բացումը կանենք Հատիսի մոտ։ Գագաթին թույլ չեն տվել։ Ասում են այնտեղ չորս հազար տարվա պատմամշակութային ամրոց է եղել։ Ես բնության պահպանությանը գումար եմ փոխանցել, որ գան հետազոտեն։ Եթե կապացուցեն, որ ամրոց եղել է, այդ ամրոցը կվերականգնեմ ու արձանն էլ կողքը կլինի։ Թող բոլորն էլ գան, տեսնեն։ Ամբողջ աշխարհը դրան սպասում է»,-ասաց Գագիկ Ծառուկյանն ու մտավ դատական նիստի դահլիճ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ