Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանը չունի որեւէ ապօրինի գույք, ու դա կհիմնավորենք»․ փաստաբան Բենիկ Գալստյան

Մայիս 23,2023 22:56

Այսօր հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի եւ դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչությունը նոր պատասխանող ներգրավելու եւ հայցի առարկան ու հիմքը փոփոխելու միջնորդություն է ներկայացրել։

Այսօրվա նիստում պատասխանող կողմի փաստաբաններ Բենիկ Գալստյանը եւ Մուշեղ Առաքելյանը ներկայացնելով հայցվորի միջնորդության մասին իրենց դիրքորոշումը՝ դատարանին միջնորդեցին մերժել այն։

Տարոն Մարգարյանի եւ նրա տիկնոջ՝ Գոհար Մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը նիստի ավարտին Aravot.am-ին ասաց․ «Դատախազության ներկայացրած նոր միջնորդությունը մեր կարծիքով ապօրինի է, որի մասին հիմնավորումները ներկայացրինք դատական նիստի ժամանակ։ Պարզ ասեմ, որ հանրությանը հասկանալի լինի։ Ես ասացի՝ 66 թերթ են ներկայացրել, որը կարող էին մեկ թերթի վրա էլ գրել։ Բայց պիտի սիրուն գրեն, որպեսզի տպավորություն ստեղծվի։ Դրա համար էլ ես ասում էի, որ հրապարակային լինի։ Այս մարդիկ ուսումնասիրության փուլում ասում են․ կոնկրետ անձինք՝ Անի Մարգարյանը եւ Հայկանուշ Մարգարյանը, բարեխիղճ ձեռքբերողներ են։ Իրենց թեման փակում են։ Ու չգիտես ինչու՝ քննության փուլում, երբ որեւէ բան, որեւէ հանգամանք, որեւէ տող, որեւէ բառ բացարձակ չի փոխվել, գալիս ասում են, դե չէ, հարգելի դատարան, մենք մտածել ենք, որ այնքան էլ բարեխիղճ ձեռքբերող չեն եւ դու որոշիր ու ավելացրու պատասխանողների շրջանակում։ Այսինքն, գցում են դատարանի գրպանը։ Մենք էլ ասում ենք՝ բա ինչո՞ւ ուսումնասիրության ժամանակ այս մարդկանց չեք կանչել ու ասել՝ ճիշտ չեք վարվել։ Ընդհակառակը, ասել եք, որ բարեխիղճ ձեռքբերող են։ Ստացվում է, որ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում, հանգստացնում, հետո բերում՝ ավելացնում են։ Հիմա ես էլ ասում եմ, որ նույն հաջողությամբ կարող են ամբողջ Ավանում ով ինչ գույք ունի, բերեն, մտցնեն գործի մեջ։

Իմ կարծիքով, այս գործողություններն անում են, որպեսզի գործը շարունակվի անվերջ ու ապահովեն իրենց շոուն։ Մենք էլ մեր դիրքորոշումն ենք վերահաստատում, որ Տարոն Մարգարյանը չունի որեւէ տեսակի ապօրինի գույք։ Ինչ գույք ունի, որն ինքն օգտագործում, շահագործում է, գրանցված, հաշվառված է իր անունով եւ այդ գույքի ձեռքբերումը օրինական է, որը կհիմնավորենք։ Առկա չէ, որեւէ տեսակի գույք, որը գտնվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ անձի մոտ, բայց իրականում Տարոն Մարգարյանին է։ Այս գործն էլ է այդ մասին ու այս գործով էլ որեւէ բան չեն կարողացել հիմնավորել, այլապես կբերեին, կմտցնեին գործի մեջ»։

Նահապետ, Անդրանիկ, Կարինե Մարգարյանների ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանն ավելացրեց․ «Հայցի հիմքի առարկան առնվազն, գոնե հաշվարկների տեսանկյունից խնդրահարույց է։ Նիստում արձանագրվեց, որ Տարոն Մարգարյանի քույրերին՝ Հայկանուշ եւ Անի Մարգարյաններին, ներգրավելու առումով դատախազությունը որեւէ  լրացուցիչ փաստական հանգամանք չի ներկայացրել եւ հիմքում դրել է միայն ապօրինի ծագում ունեցող գույքի համապատասխան նորմի սուբյեկտիվ մեկնաբանությունը»։

Դատարանը փաստաբանների միջնորդության մասով որոշումը կհրապարակի հաջորդ նիստում՝ հունիսի 26-ին, ժամը 16:00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031