Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավո՛ք, Հայաստանի Հանրապետության ղեկին այսօր նստած է Ադրբեջանի փաստաբանը

Մայիս 23,2023 22:49

Ճշմարտագետ չեմ, ինչպես ոմանք, բայց կան պահեր, երբ լռությունը հավասար է դավաճանության: Ըստ իս, որոշումները, որ կայացնում ենք այսօր՝ պետական մակարդակով և ոչ միայն, կարող են վճռորոշ լինել ապագայի առումով, այսինքն կարող է ապագան լինել կամ չլինել: Այսօր հայ ժողովուրդն ունի լայն հնարավորություններ՝ ընտրելու իր անցնելիք ուղին: Ինչպիսին կլինի այն, ցույց կտա ժամանակը:

Արցախում մեր հայրենակիցներն, ըստ իս, ունեն երեք ճանապարհ՝ գնալ նոր փորձության՝ ընտրելով Անկախության ուղին: Կա՛ այն առաջնորդը, ով առաջարկում է այդ ճանապարհը:

Երկրորդ՝ գնալ ռուսական շահը սպասարկելու ճանապարհով, այն է՝ հուսալ, որ ռուսները մոտ ապագայում իրենց շահերից ելնելով, չեն զոհաբերի Արցախը: Այս երկրորդ ճանապարհն ընտրելիս, մենք բազմիցս սայթաքել ենք և բազմաթիվ աղետներ ենք բերել մեր գլխին, քանի որ այլոց վրա հույս դնելը մեղմ ասած մանկամտություն է:

Երրորդ ընտրությունը ինտեգրումն է, այսինքն հանձնվելն ու Արցախը լքելը: Ես անուններ չեմ նշի, բայց այս երեք ուղղություններն էլ ունեն սպասարկուներ Արցախում և ըստ ժողովրդի որոշման՝ այս երեք ուղղություններն էլ իրագործելի են:

Եթե մենք ընտրում ենք ԱՌԱՋԻՆ ճանապարհը, նշանակում է մի որոշ ժամանակ մնում ենք կատարյալ մենակ ամբողջ աշխարհում և այդ ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք ճիշտ դիմադրություն կազմակերպել: Սա նշանակում է՝ առաջին հերթին Արցախում ունենալ այնպիսի իշխանություն, որը սպասվող պատերազմի ընթացքում ներդաշնակ կգործի Հայաստանում գործող իշխանությունների հետ: Եթե չլինի այս հանգամանքի ապահովումը՝ մենք կրկին կպարտվենք՝ ինչպես պարտվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Այսօր հաճախ ամենաբարձր մակարդակով հնչեցվում է այն միտքը, թե պետական և ազգային շահերը հակասում են իրար և այդտեղ են թաղված մեր բոլոր խնդիրները: Այս մտքի տակ կա որոշակի տրամաբանություն, բայց կա նաև ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՂԱՎԱՂՈՒՄ: Պետությունները ստեղծված են ազգային շահերը սպասարկելու համար՝ ազգային նպատակներ, երազանքներ և այլն: Դա չի նշանակում, որ ազգային նպատակը կամ երազանքը պետք է սպասարկվի հենց այս պահին, բայց հրաժարվել դրանցից ընդհանրապես, նշանակում է ապրել ակվարիումի մեջ և կերակրվել այլոց կողմից, իսկ դա խիստ ժամանակավոր է, քանի որ ձկները կարող են հոգնեցնել կերակրողներին: Ազգային նպատակ ասելով՝ ես հասկանում եմ նաև տարածքային ամբողջականություն, որոշակի ինքնուրույնություն և բնական հավակնություններ: Արցախում պահպանել հայկական ինքնավար պետության շահերը, համարում եմ բնական հավակնություն: Արցախյան հարցը նման չէ Արևմտյան Հայաստանը վերադարձնելու երազանքին, քանի որ Արցախում կան իրենց ինքնությունը պահպանած հայեր, և Հայկական պետության իմաստը կայանում է նաև նրանում, որ ամեն գնով պահպանի և տեր կանգնի մեր շահերին Արցախում: Սա թերևս բոլորս հասկանում ենք, բայց կուզեի կրկին շեշտել, որ Արցախյան իշխանությունների և Հայկական իշխանությունների (չշփոթել անձերի հետ) միջև առաջնահերթությունների հարցում պիտի չլինեն տարընթերցումներ: Արցախը չպիտի ունենա պետական շահ, այն պետք է նույնացվի Հայաստանի Հանրապետության շահին: Այսինքն մենք պետք է վերհիշենք, որ իրականում մի պետություն ենք, իսկ աշխարհի համար երկու պետական միավոր: Չգիտեմ՝ որքանով է իրատեսական այս գաղափարի գիտակցումը և սրբորեն պահպանումը, բայց հենց սա է Արցախը և Հայաստանը պահպանելու առաջնահերթ նախապայմանը:

Ցավո՛ք, Հայաստանի Հանրապետության ղեկին այսօր նստած է Ադրբեջանի փաստաբանը, ով թվում է, թե սուր հարցեր է առաջադրում, բայց իրականում հանրությանը մղում է հուսահատության և անկարողության: Սուր հարցերը կարող են և պե՛տք է քննարկվեն (ակադեմիական) մակարդակներում, ԿԳՄՍ-ի շենքում, բայց ոչ երբեք բոլորի՝ այդ թվում նաև մեր հակառակորդների աչքի առաջ: Այս քննարկումները՝ Արարատի և Արագածի միջակայքում, մեզ առավել խոցելի են դարձնում, ավելի՛ն, ցույց են տալիս մեր պետության անկատարությունը: Կյանքն արդեն ապացուցել է, որ շատ դեպքերում քո կեցվածքից է կախված քո գոյաբանական կռվի արդյունքը: Մենք, ի դեմս մեր պետության ղեկավարի, ամեն օր ցույց ենք տալիս մեր վախերը և թուլությունները:

Ենթադրենք, թե պետք է գնալ ծանր զիջումների և դա է պահանջում պետական շահը տվյալ իրավիճակում: Կարելի է և այս մոտեցումը հասկանալ, բայց սա ևս պետք է արվի արժանապատվորեն, ատամները սեղմած: Հայկական լեռնաշխարհի և Հայոց պետության միջև տարբերություն չտեսնող մարդը կամ այդպիսին ձևացող անձնավորությունը ձգտում է արհեստական թեմաներով շեղել հանրային ուշադրությունը և կատարել այն «առաքելությունը», որը թերևս փաստաթղթավորված տեսքով հայտնի չէ հայ ժողովրդին: Հետևաբար, գոնե ինձ համար նման քննարկումները գրոշի արժեք չունեն, քանզի անկեղծ չեն և միտված չեն պետական և ազգային շահերը համատեղելուն, այլ պարզապես նշանակում են՝ ազգային շահերի զրոյացում, իսկ ազգային շահն ի վերջո նաև պետության ապագան է խորհրդանշում: Չկա ազգ, չկա ազգային շահ, չկա նաև պետություն ունենալու իմաստ: Ի վերջո` ազգն է ծնում պետություն, հակառակը չի լինում:

Տեղին եմ համարում նաև այստեղ Գարեգին Նժդեհի հետևյալ մտքի մեջբերումը՝ «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և դրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես` անհայրենիք»:

 

Տարոն ԳԼԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031