«Ավանդույթ է դառնում դատարկ ընդդիմության պայմաններում խոսելը, և երբեմն այս ելույթները, որտեղ պիտի պատասխանես ընդդիմությանը, մի տեսակ նմանվում են օղորմաթասի․ նրանց, ում պատասխան պիտի տաս, չկան, իսկ գնացածների մասին՝ կամ լավը, կամ ոչինչ»,-խորհրդարանում հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքել էին ՀՀ ԱԺ դահլիճը։
Հայկ Կոնջորյանն ասաց, որ ունի քաղաքական ասելիք և հայտարարեց․ «Երեկ վարչապետը շատ կարևոր շեշտադրումներ արեց, և դրանցում կային առանցքային թեզեր։ Դրանցում հիմնաքարային երկու թեզ կար՝ մեկը ՀՀ-ի կոնկրետ 29800 քառակուսի կիլոմետրի մասին էր․ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնորոշման մասին էր։ Այսօր ընդդիմությունն, իր բազմաթիվ ելույթների մեջ՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թեզերի մասին, բառ անգամ չհնչեցրեց ՀՀ-ի 29․800 քառակուսի կիլոմետրի մասին։ Սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն եզրահանգումը, որը մենք արել ենք, որ մեր ընդդիմության պատկերացրած Հայաստանը վիրտուալ, աներևույթ Հայաստան է, որը չունի սահմաններ, Հայաստան, որի մասին կարելի է միշտ խոսել երազանքային տրամաբանության մեջ, բայց այն կոնկրետ չէ, անորսալի է, ինչպես իրենց տրամաբանությունը։ Նույն աներևութությունը Ղարաբաղի մասին է։ Իրենց մտքերում այս մարդիկ տասնամյակներ խոսել են Ղարաբաղի անկախության մասին։ Եթե խոսում էիք անկախության մասին, ճանաչեիք անկախությունը։ Հայ ժողովրդի վրա դուք նիսիայով վաճառել եք Ղարաբաղի անկախությունը, չեք ճանաչել այն, այսօր եկել, խոսում եք Ղարաբաղի անկախության մասին, ինքնորոշման մասին, Ղարաբաղը ուրախանալու մասին։ Պիղատոսը ձեր պարագլուխն էր, որ Ղարաբաղին դուրս թողեց բանակցությունների սեղանից։ Դրանից ավելի պերճալից պիղատոսություն չկա։ Կամ երեկ խոսվել է նաև արցախահայության իրավունքների և անվտանգության մասին, ու նորից ընդդիմությունը ծպտուն չհանեց արցախահայության իրավունքների և անվտանգության մասին։ Դուք սիրում եք պերճախոսել երազանքների մասին, բայց կոնկրետ ՀՀ-ի սահմանները, կոնկրետ մարդկանց հարստահարել եք տասնամյակներ շարունակ, որն այլևս չի ստացվելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ