Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 23-ին, ելույթ է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027թթ․ Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի մեկնարկային միջոցառմանը։
Ի թիվս այլ թեմաների, բանախոսները քննարկել են նաև հասարակության շրջանում հավասարության խթանման և խտրականության բացառման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորումների կանխարգելմանը, այդ տեսանկյունից մատչելի արդարադատության կարևորությանը վերաբերելի մի շարք հարցեր։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը։
«Խտրականության, ատելության խոսքի և ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների դեմ պայքարը շարունակում է առաջնային մնալ Մարդու իրավունքների պաշտպանի համար։ Ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից հատկապես կարևոր է տվյալների հավաքագրման մեխանիզմների կատարելագործումը։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ առկա է նաև իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների կարողությունների զարգացման անհրաժեշտություն, որպեսզի վերջիններս կարողանան գնահատել և որակել համապատասխան խոսքը՝ հիմնվելով միջազգային ստանդարտների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա»,- ասել է Պաշտպանը։
Նա նաև անդրադարձել է խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն ունենալու անհրաժեշտությանը։ Թեև «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը շրջանառվել և լայն հանրային քննարկումներ էր անցել դեռ 2019 թվականին, սակայն մինչ օրս չի ընդունվել։
Կարդացեք նաև
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ