Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյան․ «Սովորական է դարձել հակակոռուպցիոն դատարանում, որ եթե այսպիսի հնչեղություն ունեցող գործեր են, դատարանները շառ ու փորձանքից հեռու լինելու համար պաշտպանության կողմի միջնորդությունները մերժում են»

Մայիս 23,2023 21:00

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը։ Նրանք մեղադրվում են 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք տալու մեջ։

Դատական նիստի սկզբին պաշտպանական կողմը չցանկացավ, որպեսզի լրատվամիջոցները իրենց տեսանկարահանեն եւ լուսանկարահանեն։ Ապա Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դադարեցնել Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը, վերացնել խափանման միջոց գրավը՝ բերելով իր հիմնավորումները։ Իսկ փաստաբան Էմին Խաչատրյանը նշեց, որ, ըստ էության, իր վստահորդի նկատմամբ հետապնդումը սկսվել է ավելի վաղ, մինչեւ պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելը։ Սակայն դատավորը միջնորդությունները մերժեց։

Այսօրվա դատական նիստի ավարտին Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց․ «Սովորական պրոցես է դարձել հակակոռուպցիոն դատարանում, որ եթե այսպիսի հնչեղություն ունեցող գործեր են, դատարանները, կոպիտ ասած, շառ ու փորձանքից հեռու լինելու համար պաշտպանության կողմի միջնորդությունները մերժում են ու դրանով իրենց ապահովագրում։ Ամենահասարակ օրինակը բերեմ, բայց ոչ իմ պաշտպանյալից։ Օրինակ, Սեդրակ Առուստամյանի խափանման միջոցը չվերացնելու պատճառն ի՞նչն էր։ Բացարձակապես անիմաստ գործընթաց։ Այսինքն, ակնհայտ է, որ այստեղ մենք գործ չունենք անհրաժեշտությունների հետ եւ իրավիճակային լուծումներ են։

Հիմա մենք որ ասում ենք՝ քրեական գործը պետք է դադարեցվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այն հիմնավորմամբ, որ գլխավոր դատախազը ԱԺ-ում դիմել, ասել էր, որ ուզում են քրեական մեղադրանք ներկայացնել քրեական օրենսգրքի մի հոդվածով, երկար հիմնավորել, բացատրել է, թե ընդհանրապես կաշառք տալն ինչով է տարբերվում կաշառք տալու կազմակերպումից, ինչքան էական է տարբերությունը հանրային վտանգավորության առումով, համոզում, ստանում է համաձայնությունն այդ հոդվածով, իսկ հաջորդ օրը քննիչը ուրիշ հոդված է մեղադրանք առաջադրում։

Մեզ ասում են՝ բառախաղ ենք անում։ Իսկ մենք ասում ենք․ իրավաբանությունը երբ հոդվածներին, իրավական որակումներին է վերաբերվում, բառախաղ չի կարող լինել։ Սա կոնկրետ իրավաբանություն է եւ իրավական որակումների իրական տարբերություն։ Հենց գլխավոր դատախազն է ԱԺ-ում ասում։ Հիմա ի՞նչն է խնդիրը, որ այդպիսի մեթոդներով են աշխատում։ Եթե ի սկզբանե այլ հոդվածով եք միջնորդել, ուրեմն դրանով պետք է մեղադրանք առաջադրեիք եւ եթե դրանից հետո համաձայնություն չեք ստացել, մնացած գործողությունները ապօրինի են։ Մենք ասում ենք, որ քրեական հետապնդման անձեռնմխելիությունը այս առումով չի հաղթահարվել, հետեւաբար, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Ինձ որոշակիորեն հասկանալի է, որ այս փուլում դատարանը դրանից խուսափեց եւ մերժեց, որովհետեւ այս փուլում միանգամից գործը կարճել առկա դատաիրավական համակարգի զարգացումները տեսնելով՝ դատավորը երկար չէր աշխատի։ Շատ արագ ինչ-որ քրեական հետապնդում կհարուցվեր նրա նկատմամբ, շատ արագ ԲԴԽ-ն ինչ-որ գործընթացներ կկձեռնարկեր եւ այլն։ Դրա համար այս պահին առկա վիճակը հաշվի առնելով՝ ընդունելի էր, որ կարող է նաեւ այդպես լինել։ Սակայն դա չի նշանակում, որ փաստարկները ներկայացնելու հնարավորությունից մենք հետագայում զրկված ենք։ Կներկայացնենք իհարկե։

Այս պահին հաջորդ խնդիրն այն է, որ մեզ ասում են՝ ապացույցների ձեր ծավալը ներկայացրեք։։ Մենք ասում ենք, որպեսզի ապացույցների մեր ծավալը ներկայացնելու հնարավորություն ունենանք, պետք է ամբողջ գործի նյութերը, որը պետք է մեզ տրամադրվեր, տրամադրեք։ Եթե ամբողջը չեք տրամադրել, ամբողջ քրեական գործից ընտրել եք ձեր պատկերացմամբ որոշակի ապացույցներ, որոնք մեղադրողը ներկայացրել է դատարան, մենք ուզում ենք մեր փաստական տվյալները ներկայացնել ամբողջ նյութերն ուսումնասիրելով։

Դատարանը հետաձգեց մեր այս միջնորդությունը՝ հաջորդ նիստին քննարկելու։ Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնի եւ դրանից հետո կկարողանանք դրա վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել»։

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին ժամը 11:00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031