Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ հեռու է նաև Արցախից»․ Սեյրան Օհանյան

Մայիս 23,2023 20:46

«Անկարելի է հավատալ, որ հազարավորների ուսերին իշխանության եկած ուժը պիտի ուրանա մեր ազգային, պետական շահերը, ներդաշնակ լինի թուրք-ադրբեջանական երազանքին, այսքան հանձնառու լինի օտար օրակարգերին, թքի ՀՀ օրենքների, մեր անկախության հռչակագրի վրա և միանձնյա որոշի Արցախ-Հայաստանի ճակատագիրը, ազգադավ խոստումներ տա ողջ հայ ժողովրդի թիկունքում։ Դուք ու ձեր առաջնորդը սրա բարոյական, քաղաքական և իրավական լեգիտիմությունը չունեք»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա վստահեցրեց՝ մի օր գալու է պատասխան տալու ժամանակը։ Նա նշեց, որ իշխող ուժի ներկայացուցիչները կարող են իրենց քաղաքական և մարդկային ապագան հարցականի տակ դնել, բայց ոչ հայոց պետականության, մեր հայրենիքի ապագան և ֆիզիկական գոյությունը։ Նա նշեց․ «Ուղղակի մտածեք, որ Նիկոլից հետո կյանք կա, իսկ այս հողի վրա քաղաքական ուժեր կան ու անհատներ, որոնք ունակ են գաղափարներ ձևակերպել և իրական պատասխանատվություն ձևակերպել»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ նշեց, թե հանրության ուշադրությունը շեղելու համար տեղի են ունենում մի շարք զարգացումներ ու ասաց․ «Արդեն տևական ժամանակ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ։ Մի դեպքում, իբր պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով` փակ նիստերը իրականում ունեն նպատակ կոծկել այն իրավական կրկեսը, որ տեղի է ունենում այնտեղ, մյուս կողմից էլ կոծկել դատավորների մասնագիտական և բարոյական մակարդակը։ Մյուս դեպքում` առևանգման անհիմն մեղադրանքով կալանավորվում է զինվորի ծնողը։ Քրեական գործերով դատարանները առհասարակ վերածվել են խափանման միջոցի հարցը քննարկող մարմինների, որոնք շտապում են կալանքի միջնորդություն բավարարել, քանի որ կա հրահանգ ու այն կատարողը։ Երևի հենց այսպիսին էր պատկերացնում դատարանը Նիկոլը, երբ հայտարարում էր, որ ՀՀ-ում դատավոր կա, որ կարող է վարչապետի ասածը չանել»։

Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ չէ և շատ հեռու է նաև Արցախից»։

Նա նաև արձագանքեց Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, որը նա հնչեցրեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի «պարագլուխ» եզրույթի օգտագործման մասին, ու հարցրեց Սեյրան Օհանյանին, թե նրան դուր կգա՞ր, որ իրեն անվանեին պարագլուխ։ Սեյրան Օհանյանն ասաց․ «Պարոն Ռուբինյան, պարագլուխ նշանակում է՝ որևէ շարժման ղեկավար, գլխավոր և պարախաղի ժամանակ առաջին դեմքը։ Մեզ համար ակնհայտ է, որ այս թատրոնում մենք տեսնում ենք մեկ դերասանով խաղ»։ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Լավ չհասկացա, եթե ես Ձեզ անվանեմ «Հայաստան» դաշինքի պարագլուխ դա նորմա՞լ է։ Դուք էլ գիտեք, որ նորմալ չէ»։

Սեյրան Օհանյանն էլ վստահեցրեց՝ երբ հեռացնենք այս իշխանությանը, ապա իշխանության հրահանգներից ու ճնշումներից ազատված դատարանում կապացուցվի, որ շատերին իրականում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031