«Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի հերթական պահանջը։ Վերջինս պահանջում էր հրապարակային ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նկատեց՝ Փաշինյանը վաղուց էր դա քարոզում, բայց երեկ ասաց ուղիղ տեքստով։ Ու շեշտեց․ «Նիկոլ Փաշինյանը հայտնվեց հակապետական, հակասահմանադրական հարթությունում։ Նա լեգիտիմ չէ և այդ ոչ լեգիտիմությունն ունի բարոյական, քաղաքական, իրավական հիմք։ Եթե 2018-ին նա մարդկանց զգացմունքները սեփականաշնորհելով, պոպուլիզմով եկավ իշխանության, ապա 2021-ին նա դա արեց խաբեությամբ։ Հիմա տեսնում ենք՝ ինչպես է դավաճանաբար հանձնում Արցախը և հարցականի տակ դնում ՀՀ-ն»։
Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, թե Նիկոլ Փաշինյանն իր անձնական անվտանգության խնդիրներն է լուծում ՀՀ-ի և Արցախի անվտանգության հաշվին։ Ու եզրափակեց․ «Արցախը Ադրբեջան չէ և վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և վերջ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ տևական ժամանակ զգուշացնում էին՝ ՔՊ-ական իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախի հայրենակիցների ճակատագրից, հրաժարվում է ԱՀ անվտանգության երաշխավորի՝ իր հանձնառությունից․ «ՀՀ այսօրվա իշխանությունները խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում են Ադրբեջանին։ Երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր 2-2,5 տարի։ Նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում և հանձնում է Արցախը։ Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Նա իրավունք չունի ժողովրդի անունից նման պնդում անել։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի տնօրինելու մեր արցախցի քույրերի ու եղբայրների ճակատագիրը։ Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ, հայ ազգը հազարավոր զոհերի, զրկանքների գնով Արցախը հայկական է պահել, որ Փաշինյանը գա ու ուրանա այդ պայքա՞րը, Արցախը դատապարտի կործանմա՞ն։ Ոչ։ Երեկ արցախցիք հստակ իրենց դիրքորոշումը հայտնեցին, պատերազմներով ու հացի հերթով անցած մեր բյուրավոր հայրենակիցներն ասում են՝ ո′չ Փաշինյանին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ