Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
Նիստին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Քննարկվել են ԱՀ ԱԳՆ, ԿԳՄՍՆ զբոսաշրջության վարչության, հանրային հեռուստառադիոընկերության «Ազատ Արցախ» թերթի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները:
Երկրի արտաքին գերատեսչության բյուջեի հաշվետվությունը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Կոստանդյանը:
Կարդացեք նաև
2022 թվականին նախատեսված 880 մլն 750 հազ ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 660 մլն 277 հազ ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 75 տոկոս:
Արտասահմանում գտնվող մեր ներկայացուցչությունների պահպանման ծախսերը կազմել են 445 մլն 870 հազ ՀՀ դրամ՝ կազմելով ընդհանուր բյուջեի 67,6 տոկոսը:
Խորհրդարանականները բարձրաձայնել են արտերկրում աշխատանքները ակտիվացնելու անհրաժեշտության մասին:
ԿԳՄՍՆ զբոսաշրջության վարչության 2022 թվականի բյուջեն նախատեսված էր 33 մլն 500 հազ ՀՀ դրամ, կատարողականը 64,7 տոկոս էր:
ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի տեղեկացմամբ ՝բյուջեով նախատեսված գումարը ծախսվել է զբոսաշրջային միջոցառումների, զբոսաշրջային ծառայությունների վերահսկողության, տպագրության վրա:
Պատգամավորական հարցադրումները գյուղական տուրիզմը աշխուժացնելու, երիտասարդների ընդգրկմամբ նոր ծրագրեր մեկնարկելու վերաբերյալ էին:
ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանը:
2022 թվականի բյուջեով նախատեսված 450 մլն ՀՀ դրամ գումարից ծախսվել է 448 մլն ՀՀ դրամը, կատարողականը կազմել է 99,6 տոկոս:
Գովազդի համար նախանշված 3 մլն ՀՀ դրամ եկամտի դիմաց ստացվել է 2 մլն 345 հազար ՀՀ դրամ:
Բարեգործական խողովակներով ստացվել է 1 մլն 550 հազար ՀՀ դրամ, որը ուղղորդվել է ամանորյա ծրագրի պատրաստմանը:
Պահուստային ֆոնդից ստացված 15 մլն 570 հազար ՀՀ դրամ գումարի գերակշիռ մասը՝ 14 մլն 144 հազ ՀՀ դրամը, օգտագործվել է շարժական հեռուստակայանի սպասարկմանը:
«Ազատ Արցախ» թերթի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը:
Հանրապետական թերթի բյուջեի կատարողականը կազմել է 94 տոկոս, նախատեսված 114 մլն ՀՀ դրամից փաստացի ծախսվել է 108 մլն ՀՀ դրամը:
Տպաքանակով պայմանավորված՝ պլանավորած 6 մլն 643 հազ ՀՀ դրամ եկամուտի փոխարեն ստացել են 2 մլն 124 հազ ՀՀ դրամ եկամուտ: Գործուղման ծախսերը լրիվությամբ չեն օգտագործվել:
Պատգամավորական հարցադրումները կայքէջի որակի, սոցհարթակներում թերթի դիտելիության վերաբերյալ էին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին