Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան` գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում՝ որպես անձ, որը իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

Մայիս 23,2023 18:55

«Փաշինյանի մտադրությունն ու հստակ խոստովանությունը Արցախի հանձնման վերաբերյալ ՀՀ-ում և Արցախում նոր իրավիճակ է ստեղծել»,- ՀՀ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ մի կողմից այս մասին այլ փաթեթավորմամբ բազմիցս է խոսել Փաշինյանը, սակայն այս հայտարարությամբ պատասխանում էր այն անձանց, որոնք կասկածում էին, որ Փաշինյանի՝ Արցախի հարցով բանակցությունների հիմքում Արցախն ադրբեջանացնելու գաղափարն է։

Տիգրան Աբրահամյանը շարունակեց․ «Երբ Փաշինյանը հայտարարում էր Արցախի հարցով նշաձողի իջեցման մասին, իշխանական պատգամավորները ջանասիրաբար ձայնակցում էին, սակայն որոշները հանրությանը համոզում էին, որ այդ հայտարարությունների հիմքում Արցախի կամ ՀՀ բնակավայրերի հանձնումը չէ։ Փաստ է, որ ոմանք իշխանության ներսում պնդում էին, որ հանձնման հարց օրակարգում չկա։ Հիմա, երբ Փաշինյանը պարզապես հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իրավիճակը այլ բնույթ է ստանում։ Իշխանական թիմից ցանկացած ներկայացուցիչ, իշխանության քաղաքական քարոզչական դաշտը սպասարկող դեմք պետք է հստակ ընտրություն կատարի։ Մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում՝ որպես անձ, որը իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը։ Սակայն պետք է գիտակցեք, որ դուք, ձեզնից ոմանք ընտրություն կատարելու հնարավորություն ունեք։ Հիշեք՝ ոստիկանությամբ, քննիչներով, դատախազներով, դատավորներով կամ ուղղակի գնդակահարմամբ միայն կարող եք ժամանակ ձգել, սակայն պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու։ Կանգնեք, կանգնեցրեք ձեր առաջնորդին, որը մի քանի տարի առաջ ձեզ, հասարակությանը համոզում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, նախընտրական արշավի հիմքում դնում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, սակայն այսօր ձեզ, մեզ, բոլորիս ստում է՝ հայտարարելով որ գնում է Արցախը և արցախցիներին դավաճանելու ճանապարհով։ Գործեք քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում այս դաժան քաղաքական որոշման հետևանքները ու ծանր դատավճիռն անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031