Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենազրկման կործանարար այս ընթացքն ու հայրենադավ առաջնորդությունը պետք է կասեցվեն. Թադևոս Ավետիսյան

Մայիս 23,2023 17:35

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հայտարարությունն ԱԺ–ում

Սիրելի հայրենակիցներ,
Արցախի քույրեր և եղբայրներ,
Թշնամին հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Խախտված են եռակողմ բոլոր պայմանավորվածությունները։

Արդեն շուրջ կես տարի փակ է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար փաստացի բնակչությունը։ Արցախի տնտեսությունը արդեն իսկ կրել է շուրջ 150 միլիարդ դրամի կորուստներ։ Ամեն օր ավելանում և խորանում են խնդիրները հանրային կյանքի բոլոր ոլորտներում։

Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակն ակնհայտ է՝
Արցախը կտրել արտաքին աշխարհից,
կազմաքանդել պետական կառավարման համակարգը,
անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին,
ստեղծել հումանիտար աղետ՝ իր բոլոր անմարդկային դրսևորումներով,
վերջապես՝ այս ճանապարհով հայաթափել Արցախը։

Պարզից էլ պարզ է՝ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները։ Խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները։

Եվ սա արվում է հավաքական մեկ նպատակով՝ ցեղասպանություն և հայրենազրկում։
Ակնհայտ է՝ Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին, ավելին՝ հենց իրենց նախընտրական խոստումներին և ծրագրին։

Ադրբեջանի հետ համաքայլ Հայաստանի գործող իշխանությունը սլանում է հակահայ ընթացքով՝ հանգրվանելով ապազգային նորանոր բարձրունքներում։ Երեկ, արդեն բացահայտ կերպով Արցախը՝ մեր հայրենիքի մի մասը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։
Այլընտրանք չկա։ Հայրենազրկման կործանարար այս ընթացքն ու հայրենադավ առաջնորդությունը պետք է կասեցվեն։

Պետականություն և արժանապատիվ խաղաղություն ունենալու միակ ճանապարհը դիմադրությունն ու միասնական պայքարն է՝ համահայկական համախմբմամբ, յուրաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումով Արցախում, Հայաստանում և Սփյուռքում։

Ի հեճուկս Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների Արցախը մնալու է հայկական։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031