Լրահոս
Օրվա լրահոսը

«Տունտունիկ ենք խաղում». ավագանու նիստին հայտարարեց ավագանու անդամը

Մայիս 23,2023 16:33

Ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն այսօր նաեւ ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր Նորքի 4-րդ փողոցն անվանակոչել ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի անունով: Երեմ Վարդանյանը ծնվել է 1922-ին Երեւանում, սովորել Գեղարվեստի ուսումնարանում, ապա գեղարվեստի ինստիտուտում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Եղել է գեղարվեստի ուսումնարանի ու գեղարվեստի ինստիտուտի դասախոս, կանգնեցրել է 23-ից ավելի հուշարձան:

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը նեղվեց՝ հարցրեց՝ ժողովուրդ մի քիչ շատ չե՞նք անվանակոչում փողոցներ. «Ամեն նիստին փաթեթներով գալիս են, ամենայն հարգանքով բոլոր մեծերի հանդեպ, բայց մենք բնակչությանը նեղություն ենք տալիս, էդ մարդիկ առնվազն մեկ անգամ պետք է գնան հասցեի փոփոխություն անեն, մի շարք այլ փաստաթղթերում փոփոխություն անեն: Ես զարմանում եմ, սարքել ենք անվանակոչումները օրակարգային հարց»

Նուարդ Վարդանյան

Նուարդ Վարդանյանը հարցին հարցով պատասխանեց՝ ինչի վրա եք ապշում, որ ավագանին ավագանու գործունեությո՞ւն է անում:

Ավանեսովն էլ արձագանքեց. «Զեկուցողները պետք է հասկանան, որ կարող է լինել նաեւ հակառակ կարծիք ու իրենց տիրապետեն ու հարգալից լինեն: Կարող ենք մի ամբողջ օրակարգ միայն անվանակոչումներ բերել ու ասել, անում ենք այն, ինչ անում ենք, բայց հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ մենք տունտունիկ ենք խաղում»:

Սերգեյ Գյոզալյանն էլ նկատեց, որ անհրաժեշտ են հստակ ստանդարտներ, նորմեր, որից հետո նոր կարելի է մարդու անունով փողոց անվանակոչել: Ըստ նրա՝ քանի դեռ այդ ստանդարտները մշակված չեն, էս տեմպով փողոցներ անվանակոչելը պարզապես սխալ է:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ անվանակոչումներն ունեն նաեւ մշակութային ու դաստիարակչական նպատակ:Ըստ նրա՝ այդ անվանակոչումները պետք է շարունակվեն, ու ավագանին իր գործառույթը պետք է իրականացնի: Նա նկատեց, որ պետք է նաեւ համակարգված աշխատել անվանափոխությունների հարցերին, որովհետեւ Երեւանում կան փողոցներ, որոնք անվանակոչված են այնպիսի անուններով, որոնք մասնակցել ու կազմակերպել են հայերի զանգվածային գնդակահարություններ:

Այս նախագիծն ընդունվեց 47 կողմ, 0՝ դեմ, 6՝ ձեռնպահ քվեարկությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031