Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան․ «Աշխարհը չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ որպես երեւույթ»

Մայիս 23,2023 16:18

«Ես մասնակցում եմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի հանրապետությունը Հայաստանի հանրապետություն մնալուն։ Մեր բոլոր հայրենակիցներն էլ, եթե կան այլ գործընթացներ, պետք է մասնակցեն դրանց, եթե կարող են նախաձեռնել այլ գործընթացներ, պետք է նախաձեռնեն»,-այս մասին այսօր «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Նախաձեռնության նպատակն է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարել հետեւյալ բովանդակությամբ՝ ՀՀ անունից պաշտոնատար անձի կողմից Արցախի ինքնիշխանությունը շրջանցող, Արցախն այլ պետության կազմի մեջ ճանաչող հայտարարություններն ու գործողությունը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը պատժվում են 10-15 տարի ազատազրկմամբ։ Որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը անցկացվի ԱԺ-ում, ինչպես ասում են նախաձեռնության անդամները, անհրաժեշտ է առնվազն 50 հազար ստորագրություն, ինչի համար էլ ստորագրահավաք են սկսում։

Արամ Օրբելյանն անդրադառնալով հարցին՝ ինչ է լինելու, եթե ասենք Փաշինյանը ստորագրի խաղաղության պայմանագիրը, ասաց՝ ցանկացած միջազգային պայմանագիր ենթադրում է, որ պետք է վավերացվի, այսինքն՝ նախ պետք է անցնի սահմանադրությանը համապատասխանության գործընթացը, դրանից հետո ԱԺ վավերացման գործընթացը։

«Հաշվի առնելով, որ այդ փաստաթուղթը ենթադրում է ՀՀ տարածքի փոփոխություն, որը որոշները անվանում են անկլավներ, բայց նաեւ այն տարածքները, որոնք արդեն իսկ հանձնված են Ադրբեջանին՝ Տեղ գյուղում, Շուռնուխում, Սեւանի հարակից տարածքներում, եթե դա պետք է հանձնվեն, դա Սահմանադրությամբ ենթադրվում է հանրաքվեի իրականացում»։

Փաստաբանի խոսքով՝ նախաձեռնությունն ունակ է բան փոխել եւ այն ցույց է տալիս ժողովրդի կամքը․ «Նախաձեռնությունը հնարավորություն կտա ցույց տալ այսօրվա Հայաստանի հանձնման գործընթացի ոչ իրավաչափ լինելը»։

Ինչ է նշանակում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը․ Փաշինյանը երեկ հայտարարել է՝ ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքը»։ Օրբելյանն այս առնչությամբ ասաց՝ աշխարհում չկա գործընթաց, երբ օրինակ՝ պետությունը ճանաչվում է քարտեզներով, ասեն՝ եթե պետությունը դիվանագիտական հարաբերություններ է սկսում մեկ այլ պետության հետ, ասի՝ սա է իմ քարտեզը, այսպես ճանաչեք․ «Երբ որ ասում են՝ մենք այսքան քմ-ով ենք ճանաչում, իրենք՝ այսքանով, փորձում են փափկեցնել, սղացնել։ Նման գործընթաց, որ ես քեզ ճանաչում եմ այսքան կիլոմետրով,՝չկա։ Այդ աշխարհը ՌԴ-ին ճանաչել է Կուրիլյան կղզիներո՞վ, թե՞ առանց դրա, այդ աշխարհը Կիպրոսի հանրապետությունը ճանաչել է ամբո՞ղջ Կիպրոսով, թե՞ առանց Կիպրոսի։ Կա հակառակը, երբ ասել են՝ այսինչ պետությունը չպետք է ճանաչենք, ինչպես օրինակ ԵՄ-ն հստակ ասել է, որ Կիպրոսի հանրապետությունը չի կարող ճանաչվել որպես Կիպրոսի առանձին պետություն, որովհետեւ ուժի օգտագործման արդյունքում է ձեւավորվել։ Արցախի հանրապետության դեպքում չկա մի փաստաթուղթ, որտեղ գրված լինի՝ չճանաչեք Արցախի հանրապետությունը։ Եթե բոլորը ճանաչել էին, ինչի՞ մասին էր Մինսկի կոնֆերանսը, ինչի՞ մասին էին 30 տարի տեւող բանակցությունները, որի շրջանակներում Արցախի կարգավիճակ էին քննարկում, ինչի՞ մասին էին Մադրիդյան սկզբունքները, որով կարող է ճանաչել ենք, կարող է՝ չենք ճանաչել։ Աշխարհի կողմից երկրի տարածքի ճանաչում, որպես այդպիսին, գոյություն չունի»։

Փաստաբանի խոսքով՝ Արցախի հանրապետությունը որպես պետություն գոյություն ունի, դա փաստ է, դա իրավունքի հարց չէ, փաստի հարց է․ «Աշխարհը չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում որպես երեւույթ, առնվազն բուդապեշտյան համաձայնություններով։ Աշխարհը չի հաստատել Խորհրդային միության փլուզումը խորհրդային սահմաններով, չկա փաստաթուղթ, որտեղ գրված լինի, որ Խորհրդային միությունը փլուզվել է խորհրդային սահմաններով․ «Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանը 16 տարի սահմանազատում չէին անցկացնի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տարածքային վեճ չէր լինի։ Այս նույն Ալմա-Աթիի դեկլարացիան ՀՀ -ն վավերացրել է որոշակի վերապահումներով, այդ թվում՝ նկատի ունենալով Արցախը»։

Փաստաբանի դիտարկմամբ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթով հաջորդ քայլը լինելու է փախստականների վերադարձը․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ դե հա, հիմա կտանք տարածք, այստեղ մենք կմնանք, այդպես չէ։ Հաջորդ քայլը լինելու է, որ պետք է վերադառնան, դրանից հետո լինելու է՝ դե ոնց որ հայերի անվտանգության հարցն եք քննարկում, պետք է ադրբեջանցիների անվտանգության հարցը քննարկվի։ Հետո կտեսնենք, որ Հայաստանի մի մեծ մասը դարձել է Հյուսիսային Կիպրոսի հանրապետություն, որը կոչվելու է «Արեւմտյան Զանգեզուրի Հանրապետություն»: Ադրբեջանը չի էլ թաքցնում, Ադրբեջանն ասելու է՝ հավակնություն չունեն տարածքային, ասելու է՝ այդտեղ ուղղակի ադրբեջանցիներ են ապրում, որոշել են պետություն հիմնադրել, հիմնադրել են, որովհետեւ դուք չկարողացաք ձեր եղած պետությունը պահեք՝ Արցախի հանրապետությունը»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031