Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատ են լինում դեպքեր, երբ անձինք սկուտերները և այլ փոխադրամիջոցներ հարբած կամ այլ վիճակում են վարում․ մեր պարեկները հսկողություն են իրականացնելու»․ Արփինե Սարգսյան

Մայիս 23,2023 16:06

«Նախագծերով առաջարկվում է անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզի տարածքում ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման նպատակով, որը կարողանալու է լճի մակերևույթին և առափնյա հատվածում պարեկային մասնագիտացված ծառայություն իրականացնել»,-ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Արփինե Սարգսյան

Նա նշեց՝ անհրաժեշտ է ոստիկանության համար իրավունքներ նախատեսել, ըստ որոնց՝ ուժով կկարողանան իրացնել իրենց գործառույթները։ Արփինե Սարգսյանը մանրամասնեց․ «Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանությունը հսկողություն իրականացնի հանցագործությունները կամ վարչական իրավախախտումները կանխելու, բացահայտելու նպատակով, կասկածի դեպքում կարողանա կանգնեցնել լողամիջոցը և ստուգել փաստաթղթերը, առերևույթ անսարքության դեպքում ևս, ստուգի նավավարի սթափությունը, հրդեհային անվտանգության կանոնները»։

Նա տեղեկացրեց, որ ջրային պարեկային ծառայության հիմնական ֆունկցիոնալ բազան լինելու է հասարակական կարգի ապահովումը, հովեկների և մնացած քաղաքացիների անվտանգության ապահովումը, ապօրինի որսի դեմ կանխարգելիչ պայքարը ևս մտնելու է նրանց գործառույթներում, դժբախտ դեպքերի կանխարգելումը, խեղդվողներին փրկելը և այլ խնդիրների դեպքում արագ օժանդակության ցուցաբերումը։

Արփինե Սարգսյանը հայտնեց, որ Սևանա լճում կունենան չորս հիմնական հենակետեր, որ կարողանան ծածկել ամբողջ մակերևույթը և առափնյա հատվածը։ Ասաց նաև, որ իրականացրել են ընդունելություն, շեշտը գործող պարեկների վրա է դրվել․ ստուգել են նրանց լողալու, սուզվելու հմտությունները։ Արդեն հուլիս-օգոստոսին կլինի վերապատրաստում։

Հարցին՝ վարձակալությամբ սկուտերներ վարողները վերահսկվելո՞ւ են, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Մեր պարեկները հսկողություն են իրականացնելու նաև այդ հարցի նկատմամբ։ Շատ են լինում դեպքեր, երբ հովեկները, կամ մեր մյուս քաղաքացիները վարում են ջրային տրանսպորտային փոխադրամիջոցները հարբած կամ այլ վիճակում։ Պարեկները կկարողանան առաջին արձագանքը ցուցաբերել այս դեպքերին։ Զգույշ ենք մոտենում խնդրին, որ զբոսաշրջության հետ կապված խնդիրներ չառաջացնենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031