Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն այսօր ավագանու նիստին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր Շինարարների փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը 70 քմ մակերեսով անհատույց սեփականության իրավունքով նվիրել վաստակավոր արտիստ Վահան Գեւորգյանին՝ Ֆորշին: Նա ասաց, որ Ֆորշը երկար տարիներ է՝ բնակվում է Երեւանում վարձակալած բնակարանում:
Մինչ նախագիծը քվեարկության դնելը՝ Նուարդ Վարդանյանը պատմեց Ֆորշին իր կատարած «սիրո խոստովանության» մասին. «Ասացի՝ Ֆորշ, ես Ձեզ շատ եմ սիրում: Քմծիծաղով նայեց վրաս, ասաց՝ լավ էլ ճաշակ ունես: Ես կարծում եմ, որ այստեղ նստածների մեջ չկա մեկը, որ ճաշակս չկիսի»:
Վարդանյանը նկատեց, որ Ֆորշին բնակարան նվիրելու ֆոնին տարբեր լուրեր շրջանառվեցին, թե Ֆորշին նախկինում էլ են բնակարան նվիրել, բայց. «Ֆորշը երբեւէ բնակարան չի ստացել պետության կողմից, 10 տարուց ավելի է՝ բնակվում է վարձով»:
Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն էլ հետաքրքրվեց՝ ինչու հենց Ֆորշին, երբ այլ դերասաններ, արտիստներ ունենք, որոնք բարվոք վիճակում չեն ապրում: Նա նկատեց, որ իր տեղեկություններով՝ Ֆորշի մասնագիտությունն ունեցող անձինք ֆինանսապես անապահով չեն, բարձր եկամուտներ ունեն, չի՞ կարող իր եկամուտներով տուն գնել, ի պատասխան Նուարդ Վարդանյանն ասաց. «Այո՛, շատ արժանավոր գործիչներ ունենք, որ ապրում են ոչ բարվոք վիճակում, բայց դա չի բացառում, որ ավագանին նախաձեռնի որեւէ արժանավորին բնակարան նվիրելու հարցը: Ֆորշը Երեւանի կոլորիտն է, մնացածը ձեր խղճին եմ թողնում, պարոն Գյոզալյան»:
Կարդացեք նաև
Գյոզալյանն էլ հիշեց, որ տարիներ առաջ «Կազիրյոկ» սրճարանում ընդհանուր շրջապատով Ֆորշի հետ լավ ժամանակ են անցկացրել, բայց, ըստ նրա, հարցն այլ է, Ֆորշն անձամբ դիմե՞լ է բնակարանի համար։ Ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Որքան գիտեմ, դիմում չի եղել, սա քաղաքային իշխանության նախաձեռնությունն է: Ինչու Ֆորշին, Ձեր այդ հարցը չեմ հասկանում: Նույն տրամաբանությամբ կարող ենք հարցնել՝ ինչու ենք այս մարդու անունով փողոց անվանակոչում, մյուսի անունով՝ ոչ»:
Իզաբելլա Աբգարյանն էլ պատմեց, որ նախորդ ամիս Նոր-Նորք վարչական շրջանից մի անտուն մնացած կին է իրեն դիմել՝ հայտնելով, որ մոր հետ տուն չունեն, ըստ Աբգարյանի՝ միջնորդում էր նաեւ վարչական շրջանի ղեկավարը, որ ավագանին լուծում տա այդ հարցին:
Աբգարյանը հետաքրքրվեց՝ արդյոք լուծում ենք սոցիալակա՞ն հարց, արդյոք Ֆորշը ի վիճակի՞ չէ, դժվարանո՞ւմ է իր վարձը վճարել՝ հաշվի առնելով, որ քաղաքացիներից շատ է լսել, որ նա ակումբ ունի: Ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Մենք սոցապ նախարարությունը չենք, քաղաքային իշխանություն ենք: Մեր որոշումները ոչ միայն սոցիալական տարր են պարունակում, այլեւ՝ մշակութային: Այն ցույց է տալիս երեւանցուն, որ քաղաքային իշխանությունը նաեւ մշակույթին աջակցելու ու գնահատելու իրավունք եւ կարողություն ունի»:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ ռեպլիկ արեց՝ հույս հայտնելով, որ Ֆորշին բնակարան նվիրելը նախընտրական վճար չի օգտագործվի:
Գյոզալյանն էլ արձագանքեց. «Եթե սոցապ նախարարություն չենք, կարող ենք պատվավոր քաղաքացի տալ, ուրիշ բազմաթիվ խրախուսելու ձեւեր կան: Ֆորշի արվեստը բարձր արվեստ է, բայց ես շատ մարդկանց գիտեմ, որոնց կարելի է տալ, հետո տալով հասնել Ֆորշին: Չեմ կարողանում տրամաբանությունը հասկանալ»:
42 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ քվեարկությամբ Ֆորշին բնակարան նվիրելու որոշումն ընդունվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ