«Փաստինֆո». «Արցախի անվտանգության հարցը վաղուց, արդեն, Հայաստանից կախված չէ։ Հիմա, արդեն, հոգ տարեք Հայաստանի անվտանգության համար՝ Աբովյան փողոցի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապես Մովսես Հակոբյանը։
«Փաշինյանն Արցախը 2.5 տարի առաջ է ճանաչել Ադրբեջանի կազմում, չե՞ք հասկացել»,- նշել է Մ. Հակոբյանը` խոսելով վարչապետի երեկվա հայտարարության մասին: Ինչպես արդեն հայտնել ենք` Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:
Ըստ Հակոբյանի` այն, ինչ երեկ հնչել է ասուլիսի ընթացքում՝ Արցախի կարգավիճակի հետ կապված, նորություն չէ։
Հարցին, ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում Արցախի ազատագրման համար պայքարած մարդկանց, ի՞նչ կարգավիճակ են ունենալու նրանք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվելուց հետո, այն պարագայում, երբ Ադրբեջանն անթաքույց դատապարտել է այդ մարդկանց, նրանցից շատերի նկատմամբ, արդեն իսկ միջազգային հետախուզում հայտարարել` Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ սպասվում է այն, ինչ նախատեսված է Ադրբեջանի օրենսդրությամբ. «Չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, բայց ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի՝ խոսքը 1924 թվականի Հայաստանի իշխանությունների կողմից կայացրած որոշումների մասին է, որով Սյունիքի և Արցախի պաշտպաններին հանձնեցին Բաքվին։ Հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան նրանք՝ դատապարտվեցին Բաքվի կողմից»։