Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան․ «Մեզանից շատերը չփորձեցին անգամ մի հատ ծաղիկ տնկել արյունով գրաված հողի վրա։ Այս ամենը դրա հետեւանքն է»

Մայիս 23,2023 14:26

Տեղեկացրել էինք, որ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը սկսում է Արցախի հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով գործընթաց, նախ՝ ստորագրահավաքի միջոցով օրենսդրական նախաձեռնությունը պետք է ներկայացվի ԱԺ։ Նախաձեռնության վերջնական նպատակն, ինչպես դրա անդամներն ասացին՝ հանրաքվեն է։ Այսօր այս նախաձեռնության անդամներից ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց՝ յուրաքանչյուրի ստորագրությունից ամեն ինչ է կախված․ «Որովհետեւ այդ ստորագրության հետեւում հազարավոր երիտասարդ տղաների կյանքն է, որոնք տվեցին, որպեսզի այսօր ինչ-որ մեկը միանձնյա որոշումով չջնջի այն պատմությունը, որը մենք բերել ենք հասցրել այսօրվան»։

Նրա խոսքով՝ ժամանակին մենք ուզում էինք Արցախը միանար Հայաստանին եւ դրա համար ամեն ինչ արվեց, էլի հազարավոր զոհեր տվեցինք․ «Հետո անհոգ ապրում էինք, որովհետեւ մեզանից շատերը, մեծամասնությունը չփորձեց անգամ մի հատ ծաղիկ տնկել այդ արյունով գրաված հողի վրա։ Այս ամենը դրա հետեւանքն է»։

Այսօր, Թոխատյանի կարծիքով, նորից համախմբվելու պահն է, եւ յուրաքանչյուրը պետք է մի կողմ դնի, նրա խոսքով ասած՝ անիմաստ այլ մտածելակերպը՝ դուք՝ սենց, նրանք՝ նենց․ «Այսօր չկա «նրանք ու սրանք»։ Կա՛մ կանք մենք, կա՛մ ընդհանրապես ոչ մեկս չկանք։ Եթե սա հասկանանք, ամեն ինչ ճիշտ կընթանա»։

Հարցին՝ քաղաքացին ասում է՝ դուրս կգամ, ես դեմ եմ Արցախի հանձնմանը, բայց քանի դեռ չկա առաջնորդ, չեմ հավատում, որ ինչ-որ բան կլինի, հիմա էլ միասնական առաջնորդ չկա այս հանձնվողական օրակարգը տապալելու համար, Թոխատյանը պատասխանեց․ «Այսօր մեզանից յուրաքանչյուրն է այդ առաջնորդը, ամեն մեկն իր առաջնորդն է։ Եթե ես ինձ առաջնորդեմ՝ կկարողանամ համոզել կողքինիս, որը նույնպես առաջնորդ է»։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ ճանաչելով Ադրբեջանի 86,6 հազար քմ տարածքային ամբողջականությունը, դրա մեջ ներառված է նաեւ Արցախը․ «Բայց Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»։ Նա նաեւ նշել է, որ 86,6 հազար քմ տարածքի մեջ մտնում են նաեւ անկլավները․ «Բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031