ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համար երեկ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի արած՝ Արցախի ճակատագրին վերաբերվող հայտարարությունները նորություն չէին։
«Ինձ համար երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Այն, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար՝ ասել ենք մեկ տարի առաջ, կես տարի առաջ ապացուցել ենք հրապարակված փաստաթղթերով, ապացուցել ենք եվրոպացիների հետ մեր աշխատանքային շփումների հանրայնացմամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Իսկ ծավալվող գործընթացների եւ ընդդիմության անելիքների մասին հարցին էլ Հայկ Մամիջանյանը պատասխանեց, որ կարող է խոսել ՀՀԿ-ի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից. «Մենք, որպես այդպիսին, պայքարը չենք դադարեցրել, օրեր շարունակ եղել ենք զոհված զինծառայողների հարազատների կողքին։ Այսինքն, մեզ համար ինչ-որ բան տեղի չի ունեցել, որից հետո պետք է անցնենք պայքարի ակտիվ փուլի, մեզ համար պայքարի ակտիվ փուլը չի էլ դադարել։ Սա քաղաքական ուժի, քաղաքական գործչի պայքար չէ, սա համազգային պայքար է։ Հույս ունեմ, որ գոնե երեկվա ամբողջությամբ բաց ասված տեքստից հետո չենք լսի կասկածով լի հայտարարություններ։ Յուրաքանչյուրն իր տեղում անելիք ունի՝ քննիչից մինչեւ դատավոր, քաղաքացի, մինչեւ ԱԺ պատգամավոր»:
Հայկ Մամիջանյանի համար միեւնույն է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կասի, ինքը նրանից մեկ բան է ակնկալում լսել՝ հրաժարականի մասին հայտարարությունը. «Ես հույս չունեմ, ես գիտեմ, որ հայերի ճնշման տակ ինքն այդ հրաժարականը տալու է։ Ուղղակի աշխարհի տարբեր բռնապետներ, պատմության ընթացքում, տարբեր ձեւով են գնացել։ Ես Փաշինյանին խորհուրդ կտամ՝ բացի նայի, թե որ բռնապետն ինչ ճանապարհով է գնացել, ու ընտրի իր ճակատագիրը»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ