Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները չեն, որ որոշելու են մեր ճակատագիրը, մեր սեփական պետությունն ու հայրենիք ունենալու իրավունքը»․ Բագրատ արքեպիսկոպոս

Մայիս 23,2023 14:08

Սեղանի վրա դրված է մեր գոյության իրավունքը, մեր ինքնությունը, մեր արժեքները, մեր լինելիությունը։ Այս մասին այսօր «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը սկսում է Արցախի հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով գործընթաց, նախ՝ ստորագրահավաքի միջոցով նախաձեռնությունը պետք է ներկայացվի ԱԺ։ Նախաձեռնության վերջնական նպատակն, ինչպես դրա անդամներն ասացին՝ հանրաքվեն է։

Թե ինչո՞ւ է սրբազանը միացել նախաձեռնությանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց՝ այսօր հարցը ոչ թե ինչպես ապրելու մասին է, այլ ապրել- չապրելու մասին է․« Մենք պարզապես չենք կարող անտարբեր մնալ այն ամենին, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում։ Արցախը, որպես առաջնային վտանգված, եւ երեկ էլ հայտարարվեց, որ Տավուշից, ՀՀ մյուս տարածքներից զիջումների մտադրությունների մասին։ Սա անընդունելի է, այնտեղ ոչ միայն կրոնական, մշակութային արժեքներ են, այլ մեր ողջ ինքնությունն է։ Այսինքն, ջնջել թե՛ շարունակականությունը, թե՛ հիշողությունը՝ վերածվելով մի անհասկանալի ժողովրդի, ու չեմ էլ կարծում, որ մեր ժողովուրդը կմնա իր հայրենիքում այսքանից հետո։ Դա ուղղակի ցեղասպանություն է իրականացված այսօրվա գործող իշխանությունների կողմից։ Ցեղասպանություն բոլոր առումներով՝ հոգեւոր, մշակութային, քաղաքական եւ այլն»։

Սրբազանի խոսքով՝ մեր հասարակությանը ներարկված է անզորության գաղափար, եւ այդ թույնն աստիճանաբար թափանցվել է մեր մտքերի եւ հոգիների մեջ․ «Թե հոգնությունն է՝ մյուս կողմից, թե վախերը՝ մեկ այլ կողմից, այդուհանդերձ մենք կոչված ենք պայքարի՝ վերականգնելու մեր արժանապատվությունը։ Այս իշխանություններն ու իրենց ղեկավարը չեն, որ որոշելու են մեր ճակատագիրը, մեր ազատ ապրելու, մեր սեփական պետությունն ու հայրենիք ունենալու, մեր ինքնությամբ ապրելու իրավունքը։ Նրանք չեն կարող որոշել»։

Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ պայքարին եւ ստորագրահավաքին, ասաց՝ յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի․ «Մեր պատասխանատվությունը լիարժեք հայտնելու հնարավորությունը այս ստորագրության ճանապարհով է։ Այլ միջոցներ եւ ուղղություններ էլ կան։ Մեր հարցերը որքան էլ, որ քննարկվում են այս կամ այն միջավայրում, մենք ենք լուծողը հարցի, մենք բարեկամներից չենք հրաժարվում, բայց չենք էլ կարող մեր հույսը դնել այս կամ այն ուժի վրա։ Ցեղասպանության օրերին եւ դրանից հետո ինձ շատ է տպավորել եւ իմ կյանքի գիտակցության ուղղությունն է դարձել, երբ աշխարհը մեզ կոչել է լքված, մոռացված ազգ։ Հիմա մենք նույն կարգավիճակում ենք գտնվում։ Մենք մեր ներքին ինքնաճանաչողությամբ եւ գործողություններով պետք է փաստենք նախ ինքներս մեզ եւ ապա աշխարհին, որ մենք ո՛չ հանձնված, ո՛չ պարտված, եւ ո՛չ էլ ոչնչացված ժողովուրդն ենք։ Յուրաքանչյուրիս ստորագրությունը կարեւորություն ունի։ Ամեն մարդ իր ստորագրությունը դնելով այն մեկ քարը կդնի այն մեծ ճարտարապետության վրա, որը կոչվում է հաղթանակ։ Ես հրավիրում եմ մասնակից լինել հաղթանակին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031