Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն այսօր ավագանու նիստի ժամանակ խոսեց համակարգային կոռուպցիայի դրսեւորումների եւ կառավարման կոլապսի մասին:
«Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման բակեր, ե՞րբ ենք վերջին անգամ եղել, տեսե՞լ եք ինչ վիճակում են այդ բակերը: Արվում են աշխատանքներ, կարծես թե ժամկետով, մինչեւ սեպտեմբեր, որ թարմ ինչ-որ բան երեւան, բայց ի՞նչ է արվում: Կա բոլոր կողմերից ավերված խաղահրապարակ, սալիկների փոփոխության կարիք չկա, սալիկներ են փոխվում, ասում են՝ նպատակ կա հատակը ռետինե դարձնելու, բայց այդ խաղահրապարակը դրանից հետո պետք է փոխվի: Այսինքն՝ ոտք ու գլուխ իրար խառնված, որը առաջնային պետք է լինի, որը երկրորդական, բա դա մասնագիտական մոտեցո՞ւմ է: Այս համատեքստում քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչությունը, կարգավիճակ չունեցող գույքի բաժնի պետն ընդհանրապես մեկ տարուց ավելի է՝ չի պատասխանում զանգերիս, գրություններիս: Այս լուրջ խնդիրների համատեքստում պարզվում է, որ ոլորտը կուրացիա անող փոխքաղաքապետերը գնում են արձակուրդ, գալիս են: Կարծում եմ՝ նվիրված աշխատանքի դեպքում որեւէ մեկը չպետք է գնա արձակուրդ»,- ասաց Ավանեսովը:
Անդրադարձավ նաեւ աղբավայրի հետ կապված խնդիրներին՝ նկատելով, որ կային ներդրողներ, որոնք ուզում էին աղբահանության հիմնարկ ստեղծել, վերամշակման գործընթաց իրականացնել. «Լիքը մարդիկ են եղել ներդրողներ, բայց ճանապարհներ են փակվել այդ մարդկանց առջեւ, դրա համար ունենք այս խոլերան, այս վիճակը, որ շնչում ենք: Դեպքերը շատ են, բայց չալաղաջը վերջում ՝ Ծիծեռնակաբերդի խճուղու հետ կապված հարցը. անցած տարի ասում էինք՝ ուղիղ մեկ գիծ է մնացել, կա՞ տեր քաղաքում, այսօր այդ հատվածում բազմաբնակարան շենք է բարձրանում, ոնց էր ասում դասականը՝ ցմփ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ