Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա եթե պետությունը խառնված է այդ գործին, ինչպես Գեղամ Մանուկյանն է ասում, դատաքննության մարմնին ուղղորդում է, բա ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում»․ Արմեն Խաչատրյան

Մայիս 23,2023 12:56

«Գեղամ Մանուկյանը ուղղակի հեռու է քննչական մարմինների գործունեությունից։ Նրան ուզում եմ հարց տալ՝ քրեական գործերի տակ չճռռացող քննիչ որևէ մեկը տեսե՞լ է, թե՞ ոչ։ Ես նման քննիչ չգիտեմ»,- ՀՀ ԱԺ-ում անդրադառնալով քննիչների աշխատավարձի բարձրացման հետ կապված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարություններին՝ այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Այնուհետև շարունակեց․ «Կամ Գեղամ Մանուկյանը օրինակ է բերում՝ ասում է՝ քննիչը քրեական գործը տարավ դատարան, դատարանը բաց թողեց։ Բա եթե պետությունը խառնված է այդ գործին, ինչպես Գեղամ Մանուկյանն է ասում, դատաքննության մարմնին ուղղորդում է, բա ո՞նց է, որ դատարանը բաց է թողնում։ Սա արդյոք չի՞ նշանակում, որ դատարանը գործում է անկախ։ Իսկ եթե պետությունը ցանկություն ունենար ամբողջությամբ խառնվել այս գործերին, ուղղորդել, հաստատ էդ դատարանները բաց չէին թողնելու։ Սա բոլորս էլ գիտենք՝ ինչ է արվում, ոնց է արվում։ Հետևաբար ինքն իրեն հակասեց։ Ասեմ, որ քննչական ապարատը դարձել էր այսօր որակյալ փաստաբաններ պատրաստելու դպրոց։ Մարդիկ գնում, հինգ-վեց տարի աշխատում էին, գնում էին փաստաբան աշխատում, քանի որ մի քանի անգամ ավելի են վաստակում։ Այդ պատճառով քննչական ապարատը լուրջ խնդիրների առաջ էր կանգնել։ Այս նախագիծը ես ամբողջությամբ ողջունում եմ»։

Պատասխանելով Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե զինվորականների աշխատավարձը բարձրանում է ատեստացիայով, քննիչներինը՝ ոչ, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ցանկացած քրեական գործ քննիչի համար ատեստացիա է»։

Քննիչների աշխատավարձերի բարձրացման՝ իրենց նախաձեռնությունը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն էլ այսպես հիմնավորեց․ «Վերջին տարիների քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված։ 2020-ի ընթացքում քննչական կոմիտեում քննվել է 32.483 քրեական գործ, 2021-ին` 41.883, 2022թ.–ին` 59.830 քրեական վարույթ։ Եթե 2020-ին մեկ քննիչին բաժին էր ընկնում տարվա կտրվածքով 73 քրեական վարույթ, ապա 2022-ին այդ ծանրաբեռնվածությունը կիսով չափ ավելացել է` դառնալով 11 քրեական վարույթ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031