Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը մանիպուլացնում է: Նա դավաճանաբար խախտում է Սահմանադրությունը. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Մայիս 23,2023 12:06

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարցրինք՝ ճի՞շտ է ասում Նիկոլ Փաշինյանը, երբ պնդում է, որ 1991 թվականին, երբ ԼՂ-ն իր անկախությունը հռչակել է, դրանով խախտվել են 1989 թվականի Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի որոշումները։

«Փաշինյանը, ինչպես միշտ, մանիպուլացնում է, գուցե ինքը չի հասկանում, երբեմն ինձ մոտ կասկածներ են առաջանում իր մտավոր ունակությունների վերաբերյալ, բայց հնարավոր է, որ մանիպուլացնում է։ Այդ երկու տարբերակն էլ միեւնույն արդյունքին են հանգեցնում՝ Հայաստանի համար կործանարար մի քաղաքական գործընթացի։ Ուրեմն եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել 1989 թվականին ու դրանից հետո։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին դեռեւս գոյություն է ունեցել ԽՍՀՄ-ը, եւ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Գերագույն խորհուրդը համատեղ որոշում են ընդունել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին, բայց դա եղել է որպես նպատակ, իրենք չեն ասել՝ այսօրվանից ՀԽՍՀ-ն ու Արցախը մեկ միասնական հանրապետություն են, այդպիսի բան չի եղել, դա նպատակ է եղել։ Ընդամենը այդ որոշմամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման փաստը, եւ այդ նույն որոշման մեջ նպատակ է դրվել՝ քայլեր ձեռնարկել վերամիավորման վերաբերյալ։ Եթե քայլեր ես ձեռնարկում վերամիավորման վերաբերյալ, դա արդեն իսկ հուշում է այն մասին, որ վերամիավորումը դեռեւս տեղի չի ունեցել, այսինքն՝ պետք է տեղի ունենա գործընթաց, որը պետք է հանգեցներ ԽՍՀՄ շրջանակներում ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միավորմանը։ Բայց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը շատ կարեւոր մեկ այլ նշանակություն ունի, որն իր ակտուալությունը չի կորցրել։ Այդ ակտուալությունը կայանում է նրանում, որ հստակ ամրագրվել են հայ ժողովրդի՝ իրարից բաժան-բաժան արված երկու մասերի վերամիավորման ձգտումն ու ցանկությունը, այդ ձգտումն ու ցանկությունը որեւէ մեկը չի վերացրել, ընդհակառակը՝ հաստատվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը վկայակոչմամբ, եւ էլ ավելի է ամրապնդվել 1995 թվականի Սահմանադրության նախաբանով, որը, երբ հղում է անում ՀՀ անկախության հռչակագրին, առանձնացնում է հռչակագրի երկու հիմնական ուղղություն՝ 1. Հայոց պետականության հիմնարար սկզբունքներն են՝ իրավական, ժողովրդավարական պետություն լինելը, 2. հայ ժողովրդի ազգային նպատակները։ Ուրեմն այդ համազգային նպատակները չեն փոխվել, եւ այդ համազգային նպատակներից մեկն Արցախի հետ վերամիավորման գաղափարն է, հետեւաբար, ՀՀ Սահմանադրությունը Փաշինյանը կոպտորեն խախտում է, ես կասեի՝ դավաճանաբար խախտում է, որովհետեւ մանիպուլացնելով Հայաստանի ու Արցախի հանրությանը, ուզում է տպավորություն ստեղծել, թե Արցախի անկախության 1991 թվականի ակտը իբր թե խախտում է 1989 թվականի որոշումը։ Չէ՞ որ այդ 2 տարվա մեջ տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք հանգեցրել են նրան, որ ԽՍՀՄ փլուզման եզրին ԼՂՀ-ն սկզբում կատարել է 1 ընտրություն՝ դուրս գալով Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այստեղ է ուղիղ պատասխանը Փաշինյանի մանիպուլյատիվ այն հարցին, թե ումից է անջատվել Արցախը․ Արցախն անջատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ 1991 թ․-ի սեպտեմբերի 2-ին, եւ անջատվել է ԽՍՀՄ-ից՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով»,- պատասխանեց Պողոսյանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031