Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ»․ Արծվիկ Մինասյան

Մայիս 23,2023 12:02

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից Արցախը հանձնելու, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու, արցախահայությանը, որոնց 90 տոկոսից ավելին նաև ՀՀ քաղաքացիներ են, նրանց իրավունքները ոտնահարելու որևէ իրավունք չունի»,-ՀՀ խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նա ասաց, որ կոչ են անում բոլոր առողջ ուժերին համատեղել ջանքերը օր առաջ իշխանազրկելու հայրենադավ այս իշխանություններին։

Արծվիկ Մինասյանի համար տարօրինակ է, երբ ժողովրդավարական հռչակված երկրում ժողովրդի ներկայացուցիչ բարձրագույն մարմինը, այսօր սկսելով իր նիստերը, օրակարգում չի կարողանում ներառել հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, որոնց վերաբերյալ՝ ըստ Արծվիկ Մինասյանի երեկ Նիկոլ Փաշինյանը կատարել է իրենց գնահատմամբ՝ հակապետական, հակազգային և ապօրինի հայտարարություններ։

Այնուհետև շարունակեց․ «Երեկ կեսգիշերին ԱՀ խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Մենք, «Հայաստան» խմբակցությունը, լիակատար սատարումն ենք հայտնում Արցախի ժողովրդին և ԱՀ խորհրդարանին։ Բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ օր առաջ կասեցվի այս ազգակործան ընթացքը, որ օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը, որ հաճախ սիրում է տրամաբանական շղթաներ կառուցել, ուզում եմ այս ամբիոնից հրապարակային հարց տալ՝ ՀՀ անկախության մասին հռչակագիրը, որը հետագայում բազմաթիվ հանրաքվեներով հաստատվել է, սևով սպիտակի վրա ամրագրել է՝ ՀՀ-ի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ Գերագույն խորհրդին։ ՀՀ-ի ԳԽ-ն 1992-ի հուլիսի 8-ին կայացնում է որոշում՝ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն։ Հետևողականորեն սատար կկանգնի ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքները պաշտպանելուն։ ՀՀ-ի համար անընդունելի կհամարի միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Սա ՀՀ-ի ժողովրդի անունից հրապարակված և առ այսօր առկա միակ լեգիտիմ հայտարարությունն է։ Հետևաբար ի՞նչ իրավասությամբ է Նիկոլ Փաշինյանը կատարում հայտարարություններ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031