“Бывают симптоматичные предупреждения, которые
посылает история угрожаемому или гибнущему обществу:
например, падение искусств или отсутствие великих
государственных деятелей.’’
Կարդացեք նաև
Ալեքսանդր Սոլժենիցին
19-րդ դարի ֆրանսիացի քաղաքագետ և դիվանագետ Ալեքսիս դը Տոկվիլը կարծիք էր հայտնել, որ ժողովրդավարական հասարակություններն ունենում են դրամայի կարիք։ Որպես դրա դրսևորում, օրինակ, պատժվում են այն քաղաքական գործիչները, որոնց գործունեությունը կամ անգործունեությունը բերում է խոշոր նյութական վնասների, մարդկային կամ տարածքային կորուստների։ Այն, որ հանրային քաղաքական նիհիլիզմի հետևանքով իշխող կուսակցությանը հաջողվեց խուսափել պատերազմում կործանարար պարտության պատասխանատվությունից, չի նշանակում, որ ազգային դրաման պետք է շարունակվի անվերջ. այժմ Հայաստանին անհրաժեշտ է ապադրամատիզացիա։
Ինչպես վկայում է պատմությունը, ժողովրդավարությունն իր լայն իմաստով կորցնում է վստահությունը, երբ փոխվում է կառավարությունը և ոչ ավելին: Սակայն ժողովրդավարությունն իմաստազրկվում է նաև այն դեպքում, երբ իշխանափոխության արդյունքում փոխվում է ամեն ինչ։ Քաղաքական զարգացմանը հավասարազոր վտանգավոր են թե՛ այն մոլեռանդի քվեն, ում համար ընտրությունները դարձել են կյանքի ու մահվան խնդիր, և թե՛ այն ընտրողի ձայնը, ով չի գիտակցում, թե հանուն ինչի է քվեարկում։ Երբ ընտրությունները վերածվում են կրքերի դիմակահանդեսի, երկրի արդյունավետ կառավարումը դառնում է անհնար։
Դեռ 2018թ-ի ապրիլին շատերին հասկանալի էր, որ տեղի ունեցած իշխանափոխությունը պայմանավորված էր ոչ թե իշխանությանը ձեռնոց նետած առաջնորդի անձնական արժանիքներով, այլ տարիների ընթացքում հանրության մոտ կուտակված դժգոհությամբ և, որպես հետևանք, «նախկինների» մերժմամբ։ Ցավոք, իշխանափոխությունից հետո «հեղափոխական» էյֆորիան այդպես էլ տեղ չտվեց ողջախոհությանը. հանրության մի ստվար զանգված այդպես էլ չգիտակցեց, թե որքան վտանգավոր է անսահման երազկոտությունը։
Իշխանավորներն էլ արագ դրսևորեցին աննախադեպ մոլուցք իշխանության և դրա հմայքների հանդեպ։ Նոր առաջնորդները և իրենց ավետաբերներն առավել կատարելագործեցին սեփական սխալները և պարտությունը որպես ձեռքբերումներ և հաղթանակ հրամցնելու արվեստը։ Դրանով իսկ Հայաստանի հետհեղափոխական քաղաքական իրականությունը լավագույնս ցուցադրեց Դաննինգ-Կրյուգերի էֆեկտը. ցածր ունակությամբ օժտված անձերը ոչ միայն չեն գիտակցում իրենց անպատեհությունը, այլ առավել ուռճացնում են իրենց ցածր կատարողականը։
Անցել է հինգ տարի և վարչակազմի ուժը դեռ հիմնվում է ոչ թե լայն հանրային աջակցության, այլ՛ «ժող ջանի» վրա, որից յուրաքանչյուրն իր անհանդուրժողականությամբ ու նախանձախնդրությամբ բազմիցս գերազանցում է հազարավոր անտարբեր, խաբված և հիասթափված անհատներին։ Նման պայմաններում ցանկացած գաղափարի իրագործման համար վարչակազմը չունի մեծամասնության աջակցության կարիքը․ ոչ մրցակցային միջավայրում նրան ձեռնտու է ունենալ բարոյալքված հասարակություն և ապակողմնորոշված ընդդիմություն, որին չի հաջողվում գրավել հասարակության երևակայությունը և ներկայացնել այլընտրանք։
Ստեղծված իրավիճակը թույլ է տվել իշխանություններին կայացնել և անկաշկանդ իրագործել գրեթե ցանկացած գաղափար։ Սակայն նման գործելակերպը դարձել է օրհասական։ Անցած հինգ տարիներին վերջնականապես ստերիլիզացվել է խորհրդարանը, աննախադեպ չափերի է հասել գործադիր իշխանության ազդեցությունը դատաիրավական համակարգի վրա, տկարացել է քաղաքացիական ծառայության ինքնավարությունը. hովանավորչությունն ու բութ հավատարմությունը, և ոչ թե արժանիքներն ու արհեստավարժությունն են որոշում բարձր պետական պաշտոնյաների նշանակումը և առաջխաղացումը։
Հնուց եկած մեղքերը և անցած երեք տասնամյակների ընթացքում ձևավորված արատները 2018-ին ոչ միայն հանգեցրեցին «հեղափոխությանը», այլ նաև կանխորոշեցին վերջինիս էությունը։ Շատ շուտ բացահայտվեց երիտհեղափոխականների հակաքաղաքական էությունը. հեղափոխության նպատակը դարձավ ոչ թե հասարակական-քաղաքական նորացումը, այլ զուտ դերակատարների և զարդարանքի փոփոխությունները։
«Հետհեղափոխական» ժամանակաշրջանը վկայեց, որ երկրի վերնախավին փոխելը շատ ավելի դյուրին է, քան արատավոր ավանդույթներն արմատախիլ անելը և դրանց փոխարեն առողջ ինստիտուտների կառուցումը։ Կրկին համոզվեցինք, որ հանրային խնդիրների ախտորոշումն ու արդյունավետ բուժումն անհամեմատ բարդ է, քան նախորդների սխալներն և «հանցանքները» նկարագրելը և հանրությանը հրամցնելը։
Ամենից կարևոր գործոնը, որը 2018թ-ից ի վեր թուլացրեց երկրի կառավարիչների հանդեպ հանրային պահանջատիրությունն, այն միամիտ համոզմունքն էր, որ «հեղափոխության» արդյունքում իշխանությունը վերջապես հայտնվեց ժողովրդի ձեռքերում։ Հետևաբար, իշխանության հանդեպ քաղաքացիական վերահսկողության համար անհրաժեշտ իրավաքաղաքական զսպիչներ և հավասարակշիռներ, որոնք կարող են խանգարել «հեղափոխության» առաջնորդին պարտադրել իր սեփական կամքը այլևս պետք չեն։ Հրաժարվելով քաղաքական վերնախավի և նրանց գործունեության հանդեպ անգամ նվազագույն բարոյական չափանիշներ սահմանելու իր մանդատից՝ հանրությունը վերջնականապես ամրագրեց լեգիտիմության առավել պարզունակ բովանդակությունը։ «Հպարտ քաղաքացու» վրա թքելը դարձավ վերջինիս հետ հաղորդակցվելու նոր միջոց։
Այս ամենը վտանգել է Հայաստանի սահմանադրական ժողովրդավարությունը՝ այն քաղաքական կարգը, որը կոչված է պաշտպանել հասարակության հիմնական իրավունքները՝ սահմանափակելով մեծամասնության իշխանությունն՛ իշխանությունների տարանջատման և դատական համակարգի անկախության միջոցով: Զսպաշապիկի բացակայությունը ներկա իշխանությունը դարձրել է առավել վտանգավոր։
Հայտնի է, որ ցանկացած իշխանություն կարող է նախանշել և հետապնդել երկու տեսլական՝ կա՛մ բարձրացնել ժողովրդի քաղաքակրթական նկրտումների նշաձողը, կա՛մ այն իջեցնել այնպես, որ «ժող ջանը» բավարարվի «հացով և տեսարաններով»։ Առաջին ճանապարհը դժվար է և չի խոստանում վաղահաս պտուղներ։ Երկրորդը՝ թեև անհամեմատ մատչելի է, բայց տանում է դեպի հանրային դեգրադացիա։ Մեր պարագայում նախընտրությունը տրվեց վերջինին։
«Ներկաները» օգտվեցին նաև բարենպաստ միջազգային կոնյունկտուրայից: Հանուն իր աշխարհաքաղաքական շահերի, արևմուտքը հաճախ նախընտրում է անտեսել երկրում ժողովրդավարական նորմերի խախտումները. առաջնայնությունը տրված է ԼՂ հիմնախնդրի «լուծմանը» և Թուրքիայի հետ հարաբերությունների «բարելավմանը»,, այսինքն` այն ամենին, ինչը վերջնականապես կթուլացնի Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Սա մեղադրանք չէ ուղղված Արևմուտքին. վերջինս, ինչպես և ենթադրում են խաղի կանոնները, հետապնդում է իր ավանդական ռազմավարական թիրախները։
Անփորձ առաջնորդի «հեղափոխական հմայքը» որոշ ժամանակ հնարավորություն ընձեռեց իրեն «զբաղվել» երկրի արտաքին քաղաքականությամբ առանց իրատեսական նպատակների և հստակ ուղենիշների: Ի տարբերություն ավտորիտար հակումներ ունեցող այլ առաջնորդների՝ նա չկարողացավ կամ չցանկացավ ուղղել իր ձեռքում գերկենտրոնացված իշխանությունը միջազգային բեմահարթակում ազգի իրավունքների պաշտպանությանը և Հայաստանի ազդեցության ու հեղինակության ամրապնդմանը։ Հարավային Կովկասում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակում և վարած քաղաքականության արդյունքում մեր երկիրը միջազգային սուբյեկտից վերափոխվեց միջազգային օբյեկտի. Հայաստանը սեղանի շուրջ հայտնվելու փոխարեն նորից հայտնվեց ճաշացանկում։
2018թ.-ից ի վեր իրարամերժ հայտարարությունների և չմտածված քայլերի արդյունքում Հայաստանը վերածվեց անկանխատեսելի բանակցողի։ Պատերազմն իր աղետալի հետևանքներով չուշացավ։ Դրսում մեղավորներ փնտրելու մոլուցքը հանգեցրեց Հայաստանի պաշտոնական դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը։ Գլխավոր բանագնացների կողմից տարբեր մայրաքաղաքներում տրված իրարամերժ խոստումների և հապճեպ ստանձնած պարտավորությունների հետևանքով երկիրը հայտնվեց ցուգցվանգի վիճակում։
Քաղաքական կարիերայի ընթացքում ճակատագիրը որոշ առաջնորդների ընձեռում է բախտորոշ ազգային որոշում կայացնելու միակ հնարավորություն և կախված նրանից, թե ինչպես նրանք կհաղթահարեն այդ անշրջելի փորձությունը, որոշվում է նրանց ապագան: Պատերազմներում պարտության մատնված երկրի քաղաքական ղեկավարը սովորաբար հեռանում է։ Սակայն, եթե վերջինս նախընտրում է չհեռանալ, ապա իր հետագա գործունեությունը գնահատվում է նրանով, թե որքան հաջող և արագ է նա կարողանում ապահովել վերահսկողությունը հետպատերազմյան գործընթացների վրա։ Կործանարար պատերազմից ավելի քան երկու տարի անց գրեթե անխուսափելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի հետ սահմանազատումը կառավարության ղեկավարը հրապարակայնորեն մեկնաբանում և հասարակությանն է հրամցնում բացառապես Ադրբեջանի՛ ագրեսոր երկրի շահերից։ Հայաստանի բանակցողների իսկ ջանքերով անխուսափելի դարձած «խաղաղության» պայմանագիրը սպառնում է դառնալ անվերապահ հանձնման (կապիտուլյացիայի) ակտ։
Կասկածից վեր է, որ հայ իրականության ապադրամատիզացումը օրվա հրամայականն է։ Շատ բան կա նորոգելու և նորովի կառուցելու։ Մեր ազգային արժանապատվության վերականգման և ապագան կերտելու հանձնառությունը պետք է ստանձնի հարգանք, վստահություն և հեղինակություն վայելող այնպիսի մեկը, ով ունի իմաստություն՝ արժանապատիվ տնօրինելու 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, և հոգու ուժ ու անհրաժեշտ խառնվածք՛ ներքին համերաշխությունն ապահովելու և երկրի պատիվը վերականգնելու համար։ Առաջնորդի անհատականությունն առավել կարևոր է, եթե հանուն ապագայի ազգից պահանջվում են զոհաբերություններ։ Հակառակ դեպքում՝ ազգը դատապարտված է բարոյահոգեբանական լճացմանը և համընդհանուր արհամարհանքի։
Երկրորդ համաշխարհային պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո Գերմանիան ևս ստորագրեց անվերապահ հանձնման (կապիտուլյացիայի) նվաստացուցիչ ակտ։ Երկրի կործանված հասարակության արժանապատվությունն ու դիմադրողականությունը վերականգնելու առաքելությունը ստանձնեց Կոնրադ Ադենաուերը։ Ո՞վ կլինի Հայաստանի Ադենաուերը։
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-1995)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-1999)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան