«Երբ երեկ հերթական անգամ ադրբեջանական թեզերը հարյուր տոկոս կրկնելով դավաճանական հայտարարություններ էին հնչում, հայրենիքի հատվածները թշնամուն հոժարակամ հանձնելու հատվածներ էին հնչում, այսօր խորհրդարանի օրակարգում մի անմեղ կետ է կարծես դրված՝ պետական պաշտոնյաների և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի նախագիծը՝ պարզ հայերենով քննիչների աշխատավարձը բարձրացնելու հարցը»,-ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա, զուգահեռ անցկացնելով զինվորականների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմների հետ, վրդովված ասաց․ «Երբ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձը բարձրացնելը ատեստացիայով է՝ շուրջ 300 հարց պիտի անգիր անեն, այսպես քննիչների աշխատավարձն ուզում են բարձրացնել։ Չեմ ուզում ազնիվ քննիչներին վիրավորել, որոնք ճկռում են քրեական գործերի տակ, բայց անցնող տարիներին շատ հաճախ քննիչների հետ առերեսվելուց ասում ենք՝ արա, էս ի՞նչ եք անում, հերիք է Նիկոլի հանձնարարություններով կեղծ քրեական գործեր հարուցեք։ Ասում են՝ տուն ենք պահում։ Էդ տուն պահող քննիչները արցախյան առաջին ազատամարտի, քառօրյա պատերազմի մասնակից Գեորգի Արիստակեսյանի դեմ քրեական գործ հարուցեցին, արդարացվեց, Իգոր Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, դատարանով արդարացվեց, մի քանի օր առաջ հերոսածին մայր, 44-օրյա պատերազմի նահատակ Ժորայի մորը՝ Գայանե Հակոբյանին սրիկայաբար մեղադրանք առաջադրելով կալանքի տակ պահեցին։ Տուն պահողները, քաղաքական պատվեր կատարողները, որ այսօր աշխատավարձի բարձրացման ակնկալիք ունեն, թող իմանան՝ այս իշխանության քայլերի արդյունքում վաղը թուրքի տուն են պահելու, բայց հավաքարարի տեսքով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ