«Պարոն Մինասյան, նախաձեռնությամբ հանդես գալը, որ լսումներ անցկացվեն, Ձեր իրավունքն է։ Առաջարկում եմ՝ Դուք նախաձեռնություն ներկայացրեք, մենք հետագայում կքննարկենք»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն առաջարկին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ասուլիսում հնչեցված հայտարարությունների առիթով խորհրդարանում քննարկում կազմակերպվի և գնահատականներ հնչեցվեն։
Արձագանքելով Ալեն Սիմոնյանին՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Դուք նաև ՀՀ-ի և ԱՀ-ի խորհրդարանների միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն եք, արդյոք հնարավոր համարո՞ւմ եք այս նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնել այդ հայտարարությունները և գնահատականները, որոնք մեր կողմից գնահատվում են որպես հակապետական, հակաազգային մոտեցումներ Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Անդրադառնալով նախաձեռնությամբ հանդես գալու՝ Ալեն Սիմոնյանի առաջարկին՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Մենք ունենք այդ հնարավորությունը, բայց ինչպես պրակտիկան ցույց է տվել, մեծամասնությամբ այդ նախաձեռնությունները մերժվել են։ Կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս Ձեզ՝ որպես ԱԺ նախագահին հանդես գալ արտահերթ ուղերձով, հայտարարությամբ, որը առիթ կարող է հանդիսանալ այս հարցերի քննարկման համար։ Իմ հարցը այն է՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»։
Ալեն Սիմոնյանն ասաց՝ կարող եք ներկայացնել ձեր նախաձեռնությունը, մենք դա կքննարկենք ու շարունակեց․ «Եթե Ձեզ հետաքրքրում է անձնապես իմ կարծիքը, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի երեկ հնչեցրած կարծիքները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ