Հրաժարվելով ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն՝ Արցախի հայերը կենթարկվեն արտաքսման: Այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ինչպես մեզ մոտ են ասում, գլուխը կորցնելով՝ մազերի համար լաց չեն լինում: Տվյալ դեպքում, անցյալ տարվա երկրորդ կեսից վեկտորը փոխելու նպատակով դեպի Արևմուտք շրջվելուն զուգահեռ՝ Փաշինյանը և նրա թիմը ընդունել են 90-ականներին ընդունված Ալմաթիի հռչակագրի առաջնահերթությունը, համաձայն որի՝ դաշնային հանրապետությունները ճանաչվում են իրենց սահմաններում: Ընդ որում, որևէ վերապահում չանելով Լեռնային Ղարաբաղի հարցում: Անգամ այնպիսիք, որոնք այս ամբողջ ընթացքում՝ տասնամյակներ շարունակ, աշխատանքի թեմա էին Մինսկի խմբի միջնորդների համար:
Ես կարծում եմ, որ Ադրբեջանը չի նկատի այդ հայտարարությունները երաշխիքների մասով: Լավագույն դեպքում՝ նա կձևացնի, որ չի պատրաստվում հետևել որևէ բարեվարքության նորմերի հայ բնակչության հետ: Բայց դիրքորոշումն արդեն արտահայտվել է. հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Եթե նրանք դա չընդունեն, ապա պետք է դուրս գան այդ տարածքից: Ոչ ոք չի կշտամբի որևէ պետության՝ սեփական քաղաքացիությունն առաջ մղելու համար, բայց առաջարկը՝ հրաժարվելու դեպքում դուրս գալ այն տարածքից, որտեղ ապրել են ձեր նախնիները, ոչ այլ ինչ է, քան արտաքսում: Եվ այս առումով, կարծում եմ, պատրանքներ չկան: Այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հայերի մոտ:
Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանի այդ հայտարարությունը կընդունվի առաջին մասով, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և կանտեսվի երկրորդ մասով: Այն մասով, որտեղ նա խոսում է իրավունքների պաշտպանության անհրաժեշտության և մնացած այլ բաների մասին: Հենց Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, առաջին հերթին ինքնորոշման իրավունքը, այդպիսով ի չիք կդառնան: Չնայած անգամ խորհրդային ժամանակներում Լեռնային Ղարաբաղն իրենից ներկայացնում էր ինքնավար մարզ: Այժմ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի որևէ ինքնավարության մասին խոսք չկա: Համենայն դեպս, Ադրբեջանի կողմից»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ