Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացա, որ մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրեն ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրն ունի իր հեռախոսահամարը և անհրաժեշտության դեպքում կարող է զանգել։ Որպես տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան՝ այս կապակցությամբ ստի դեմքը պատռող՝ ընդամենը չորս հարցադրումներ ունեմ.
1) Իրավական պետությունում տուժողի հայրը՝ իրավահաջորդը ինչո՞ւ պետք է զանգահարի երկրի ղեկավարին՝ օրենքի անշեղ կիրառում հայցելու խնդրանքով,
2) Ինչպե՞ս ստացվեց, որ նույն ասուլիսում Փաշինյանն իր որդու նկատմամբ կատարվածը առևանգում է որակում՝ քրեական վարույթի ելքի վերաբերյալ անուղղակի ցուցում տալով նախաքննական մարմնին, ապա որպես Աշոտի հայր՝ իրեն բավարարված է համարում մեղադրյալ կնոջ կալանքով, իսկ Սոնա Մնացականյանի գործի մասով հայտարարում է, թե դրա ընթացքից տեղյակ չէ,
Կարդացեք նաև
3) Դեպքից շուրջ տասն օր անց տուժողի հայրը՝ Մնացական Մնացականյանը միջնորդավորված կերպով Նիկոլ Փաշինյանին է հանձնել քրեական գործի ընթացքի վերաբերյալ իր գրավոր փաստարկված դժգոհությունը, որով հատկապես ապօրինի է համարել իր հղի աղջկան, վրաերթի ենթարկելով, դաժան մահ պատճառած վարորդի՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքը։ Ի՞նչ է փոխվել մինչև օրս, իհարկե ոչինչ,
4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է իմ ներկայացրած հատուկ վերանայման բողոքը և որոշմամբ արձանագրել, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար և պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։ Ուստի Դատարանը պարտավորեցրել է նախաձեռնել նոր քրեական վարույթ և դրա շրջանակներում վերացնել նշված խախտումները։ Ընդ որում, ի հաստատումն բողոքի հիմնավորվածության, արձանագրել է, որ առհասարակ քննություն չի կատարվել շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրության չպահպանվելու հանգամանքը պարզելու ուղղությամբ։ Իսկ տուժող կողմը բազմիցս հրապարակային կերպով հիմնավոր կասկած է հայտնել, որ այդ ձայնագրությունը դիտավորյալ «անհետացվել» է՝ տեղի ունեցածի հանգամանքները թաքցնելու նպատակով։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել։ Հիմա հարցը՝ անցած շուրջ երկու ամսվա ընթացքում որևէ դատախազ կամ քննիչ թեկուզ կարգապահական պատասխանատվության ենթարկվե՞լ է արդյոք թույլ տրված այդ խախտումների համար, խախտումների վերացման կապակցությամբ պարտավորեցված քրեական վարույթը նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ։ Տուժող կողմին մինչև օրս նշվածի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, մինչդեռ այդ նոր վարույթով տուժողի փոփոխություն չէր կարող լինել։
Շատերդ կարող եք ասել, թե նույնիսկ հայրենիքն ուրացող խրոնիկ ստախոսին ու հոգով աճպարարին պատասխանելու իմաստը ո՞րն է, բայց համբերությունն էլ, վերջապես, սահմաններ ունի։ Այս մարդուն թվում է, թե ՀՀ-ում հասարակությունը գերազանցապես բաղկացած է իր հոգեմետ կործանարար ազդեցության թիրախում գտնվող՝ սահմանափակ մտավոր կարողությամբ անձանցից։