Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարցուպահանջ ունեն իշխանությունները եկեղեցուց, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդպիսի քամահրական վերաբերմունք է դրսևորում. «Փաստ»

Մայիս 23,2023 10:27

Ի՞նչ հարցուպահանջ ունեն ՀՀ իշխանությունները եկեղեցուց, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այդպիսի քամահրական պահվածք ու վերաբերմունք է դրսևորում։

Խնդիրն այն է, որ եկեղեցին հանդես է գալիս ազգային շահերի տեսանկյունից, իսկ իշխանությունները քայքայել են պետականությունը՝ ընդարձակ ճանապարհ բացելով նորանոր պարտությունների, հանձնողականության և թշնամու շահերի առաջխաղացման համար։ Մյուս կողմից՝ իշխանությունների գործունեության գլխավոր նպատակն է կանխել, ճնշել հայ ժողովրդի ազգային զարթոնքը՝ ազգային արժեհամակարգը թուլացնելու, մարդկանց մոտ կեղծ խաղաղասիրություն և կոմֆորմիզմ քարոզելու միջոցով։ Իսկ եկեղեցին՝ որպես կառույց, իր բոլոր թերություններով հանդերձ, միշտ պայքարի ու սեփական ժողովրդի դիմագիծը պահպանելու ակունքներում է կանգնած եղել։ Հասկանալի է՝ այս հանգամանքն անհանգստացնում է իշխանություններին, դրա համար էլ նրանք եկեղեցականների՝ իրենց կործանարար գործունեության հետ կապված քննադատական խոսքերը չեն ընդունում։
Իսկ այն, որ եկեղեցու խոսքը կշիռ ու ազդեցություն ունի, ակնհայտ է։ Հենց այս հանգամանքն էլ շատ է վախեցնում իշխանություններին, ավելի ստույգ՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Դրա համար էլ նրանք եկեղեցու գործելակերպը ամեն կերպ ցանկանում են նսեմացնել, տեղափոխել քաղաքական դաշտ: Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանը նշում է, որ եկեղեցին կարող է կուսակցություն բացել ու քաղաքականությամբ զբաղվել։ Շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է քաղաքականությունը դասական իմաստով. ի վերջո, դա միայն կուսակցականություն չէ, ինչպես երկրի, պետության համար մտահոգությունը սոսկ կուսակցականությամբ չի սահմանափակվում:

Ըստ այդմ, եկեղեցին առկա իրավիճակում ուղղակի չի կարող անտարբեր լինել, ավելին՝ պարտավոր է իր խոսքն ասել, ընդ որում՝ ավելի կոշտ։ Եկեղեցու պատասխանը Փաշինյանին իր մեջ հետաքրքիր ուղերձ էր պարունակում։ «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,-նշել է Մայր աթոռի դիվանապետը։ Կարծում ենք՝ ավելի ամփոփ ու համապարփակ արձագանք դժվար է մտածել:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031