ԱՀ խորհրդարանի պատգամավոր Աշոտ Դանիելյանի գնահատմամբ, ԼՂՀ հարցը միայն Արցախի հարց չէ, միասնական հարց է, Հայաստան ունենալու հարց է:
Այսօր կայացած խորհրդարանի արտահերթ նիստը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում»: Քննարկվեց ԱՀ խորհրդարանի հայտարարության տեքստը:
ԱՀ խորհրդարանի պատգամավորի գնահատմամբ, բոլոր միջազգային հանդիպումներում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խորացնում է Արցախի հանձնման գործընթացը եւ «հայ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները՝ այդ կապիտուլյանտին հետ պահելու իր քայլերից»: Նա նկատեց, որ ՀՀ որեւէ իշխանություն չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս եւ չի ունեցել այնպիսի տեսակետներ, ինչպիսիք այս «ազգակործան պատուհասը»: ԱՀ խորհրդարանի պատգամավորը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ստորագրելու մի փաստաթուղթ, որով Արցախը կհայտարարվի Ադրբեջանի մաս, քանի որ դա կհակասի ՀՀ Սահմանադրությանը եւ ԳԽ որոշմանը: Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որում ամրագրված է, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, բանախոսն ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթ, որում Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, դա կլինի «պետական դավաճանություն»:
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հիշեցրեց՝ 2018-ին ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունն ու նրա թիմակիցները հայտարարեցին, որ իրենց «հեղափոխությունն» ավելի կարեւոր է, քան արցախյան գոյամարտը ու դրանով արդեն իսկ ակնհայտ էր, որ սկսվել է Արցախի հանձնումը: Նրա գնահատմամբ, այդ դավադիր պլանի իրագործման համար դավադիր պատերազմ եղավ, պլանն իրագործելու համար պետք է «վստահության քվե շոուն կազմակերպեին եւ ձեռք բերեին երկաթե մուրճ, որը պիտի իջներ հենց հայության գլխին» : Նա հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի թեզը՝ «անջատում՝ հանուն փրկության», որն այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համոզում էր՝ կեղծ է ու անիրագործելի:
Մետաքսե Հակոբյանը զգուշացնում է՝ Փաշինյանին միայն թվում է, որ նման հակահայ հայտարարություններով կամ դավաճանական փաստաթղթերով կարող է Արցախը հանձնել Ադրբեջանին. ԱՀ սահմաններն արյունով են գծված: Իսկ ԱՀ իշխանությունից ընդդիմադիր պատգամավորը պահանջում է՝ վերանայել ու փոխել վարքագիծը՝ ամեն գնով պահպանել պետական ինստիտուտները, ոչ թե խարխլելով դրանք՝ ջուր լցնելով Նիկոլ Փաշինյանի ջրաղացին:
«Ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ նա պետական դավաճան է». ԱՀ խորհրդարանի ամբիոնից մեկ անգամ արդեն արած իր հայտարարությունը կրկնեց Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավոր Գեղամ Ստեփանյանն էլ իր ելույթում նկատեց՝ արդեն քանի անգամ Արցախի խորհրդարանը արտահերթ ռեժիմով հավաքվում է՝ պատասխանելու մայր հայրենիքի իշխանությունների՝ երաշխավորված կործանման տանող հայտարարություններին. «Սա մղձավանջ է: Հիմա էլ ասում են՝ հասել ենք, իջեք»: Նա հայաստանցիներին հարց տվեց՝ ինչպե՞ս եք հայրենիքը կորցրածի եւ 120 հայրենակիցների ապագան բախտի քմահաճույքին հանձնելու խարանով ապրելու եւ հորդորեց՝ ամեն գնով կանգնեցնել պատմության կործանարար ընթացքը՝ հակազդելով ՀՀ իշխանության գործելաոճին:
Իշխող խմբակցության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը ձեւախեղված է համարում խաղաղության բանաձեւը, որին հասնելու գին է ներկայացվում Արցախը, հավելում, որ դրան միտված բոլոր փաստարկները պատմական եւ իրավական հիմք չունեն, իսկ գործընթացն իրականացվում է միասնականությունը խաթարելով: Նա զգուշացնում է՝ պատերազմով եւ Արցախի հաշվին խաղաղությունը ամուր հիմք չի կարող ունենալ, տարածաշրջանը կընկղմի նոր պատերազմում, որի հետեւանքներն անկանխատեսելի կարող են լինել:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանն էլ հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է ոչ միայն արցախահայությանը, այլ ՀՀ մեր հայրենակիցներին՝ ստանալով 100 հազարավոր քվե. «Ասում էր, այնպիսի լուծումներ է բերելու, որ բավարարի բոլոր ժողովուրդներին, բերում է լուծում, որը բավարարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովրդին կամ էլ՝ Հայաստանի ժողովուրդ ասելով՝ նկատի ուներ իրեն եւ ՔՊ վարչախմբին»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քանիցս կրկնվող հայտարարություններին, թե իր ասածներն Արցախում ճիշտ չեն հասկացել, Արթուր Մոսիյանը հարցնում է՝ «էդ ինչպե ՞ս ես ասում, որ ողջ հայ ժողովուրդը մի ձեւ է հասկանում, դու եւ քո վարչախումբը՝ այլ» : ՀՅԴ-ական պատգամավորը հիշեց Թումանյանին՝ ասելով որ ՀՀ իշխանությունը գործում է «կկվի հոգեբանությամբ» եւ նկատում՝ մեկ տարբերությամբ՝ այնտեղ կկուն միամիտ է:
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ իր ելույթում դիմեց Հայաստանում բնակվող բռնի տեղահանված արցախահայերին՝ հորդորելով՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ իր կործանարար ծրագիրն իրականացնել, քանի որ դա նաեւ Հայաստանի կործանման սկիզբն է դառնալու: Նա համարում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, դեռ հնարավոր է կործանարար ընթացքը կասեցնել:
Իշխանական խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանի համար ցավալի է այն, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ԱՀ-ից հնչող հայտարարությունները որակում են՝ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին: Նա հայտարարում է, որ Արցախը երբեք չի միջամտել Հայաստանի ներքին գործերին:
«Ոմանք սխալվում են, եթե կարծում են, որ ԼՂ-ն իրենց մանկության կալվածքն է եւ ում ուզեն՝, երբ ուզեն՝ կփոխանցեն: ԼՂ-ի ողջ պատմությունը հագեցած է պայքարով, որը շարունակվում է նաեւ այսօր»,- ասաց Մարսել Պետրոսյանը՝ հավելելով, որ իր խմբակցությունը պայքարել, պայքարում եւ պայքարելու է ԼՂ-ում իրականացված հանրաքվեի արդյունքները նպատակին հասցնելու համար՝ անկախ նրանից, թե ԼՂ-ի եւ նրա ժողովրդի հանդեպ ով եւ ինչ մոտեցումներ ունի:
ԱՀ խորհրդարանի հայտարարության տեքստն ընդունվեց միաձայն՝ 30 կողմ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ