Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Ռուբեն Վարդանյանը, որը, թե Արցախում, թե Հայաստանում ունի հանրային պոզիտիվ վարկանիշ, վերջապես իրերը կոչեց իրենց անուններով, ասաց այն, ինչ մտածում է յուրաքանչյուր ադեկվատ հայ քաղաքացի»

Մայիս 23,2023 00:05

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում նախ տեղեկացրեց, որ ինքը այս օրերին դատարանի եւ կառավարության մոտ զոհվածների ծնողների կողքին ֆիզիկապես չի գտնվել, քանի որ բացակայել է Հայաստանից եւ վստահեցրեց, որ այսօրվանից վերստին կմիանա այս իշխանության դեմ պայքարի բոլոր ազնիվ ակցիաներին, կլինի այն քաղաքական ուժերի կողքին, որոնց նպատակը ոչ թե իշխանությունն է, այլ՝ իշխանափոխությունը։ Ու բնականաբար, կլինի ծնողների կողքին։

Այնուհետեւ, Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ երեկ արած հայտարարությանը։ «Երեկ, այո, աննախադեպ էր Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, որը ես ողջունում եմ։ Ռուբեն Վարդանյանը, որը, եկեք անկեղծ լինենք, թե Արցախում, թե Հայաստանում ունի հանրային բավականաչափ պոզիտիվ վարկանիշ, վերջապես իրերը կոչեց իրենց անուններով, վերջապես ասաց այն, ինչ մտածում է յուրաքանչյուր ադեկվատ հայ քաղաքացի։ Բայց որ դա ասում է  մարդ, որը կարող է շարժում, քաղաքական գործընթաց գեներացնել, դա արդեն լրջագույն քայլ է։ Ռուբեն Վարդանյան, դուք միանգամայն ճիշտ եք։

Աննա Հակոբյանը հայտարարում է 11 հազար դասալիքի մասին, այսինքն՝ հայտարարում է, որ մենք դավաճանների ազգ ենք, երբ մենք դավաճանների ազգ չենք։ Այդ դեպքում տրամաբանական հարց եմ տալիս․ 2016 թվականի քառօրյա պատերազմում ինչո՞ւ մենք չունեցանք մեկ դասալիք, այն էլ այն դեպքում, որ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ զինվորը կռվում է «լապատկեքով», «քլունգներով», տանկերի մեջ էլ բենզինի փոխարեն ջուր է լցված։ Բա էդ դեպքում 16-ի քառօրյայում ինչի՞ մի հատ դավաճան, դասալիք չեղավ, իսկ 44-օրյայի ժամանակ, երբ, Նիկոլ, դու հայտարարում էիր, որ պահեստներում զենքերը լցված են, մենք, ըստ քո կնոջ ու Ալիեւի, ունեցանք 11 հազար դասալիք։ Մինչդեռ, դատախազությունը հայտարարել է պաշտոնապես 756 զինվորի մասին, որոնք տարբեր պատճառներով լքել են զորամասը։ Բա ինչպե՞ս դա բացատրել։ Այսօր էլ ըստ քո հայտարարության, մենք այս պահին ունենք առնվազն 57 սպա ու զինվոր, ովքեր պետական դավաճանության համար դատվում են։ Տրամաբանական հարց։ «Լապատկեքով» բանակով մենք ապրիլյան պատերազմը հաղթեցինք։ Ես դա համարում եմ հաղթանակ, որովհետեւ Ալիեւն ինքը դիմեց Ռուսաստանի նախագահին՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այդ 400  հեկտարը, որ դու եւ քո գրպանում լցված սատելիտ, ամերիկյան դեսպանատներից ֆինանսավորվող կուսակցությունները սարքել էին Ամերիկայի Ալյասկայի գրավում, հանձնում, այսօր նրանք բոլորը լուռ են։ Ու մենք չունեցանք դասալիքներ, չունեցանք դավաճաններ։

Պատերազմը, որի գլխավոր հրամանատարը դու էիր, մենք պարտվեցինք նախապես պայմանավորված լինելու պատճառով։ Մենք ունեցանք, ըստ քո կնոջ, 11 հազար դասալիք, մենք ըստ քեզ զինվորական կազմում ունենք բազմաթիվ պետական դավաճաններ, որոնք «հայրենիքը ծախել են», մեկը՝ մի օծանելիքի, մեկը՝ 200 եվրոյի, մեկը՝ $ 500-ի համար։ Որտեղի՞ց այդ արժեքային համակարգը, ո՞նց ստացվեց։ Ամուր ողնաշար ունեցող բանակը հինգ տարում դու ո՞նց կարողացար դասալիքների, դավաճանների, հայրենիք հանձնողների, մանկուրտների, թրքահպատակների բանակի վերածել։

Մենք դեռ կտեսնենք՝ իրական դավաճաններն ովքեր են։ Ես կրկնում եմ․ հայկական նյուրնբերգը լինելու է, հայկական Նեմեսիսը լինելու է»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031