Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակաբիոտիկների օգտագործման հետ կապված 5 տարածված «առասպելները»

Մայիս 23,2023 09:30

Հակամիկրոբային դեղամիջոցների նկատմամբ կայունությունը ենթադրում է, որ ախտածին միկրոօրգանիզմները՝ բակտերիաները, վիրուսները, սնկերն ու մակաբույծները այլևս չեն ազդվում այդ դեղամիջոցներից՝ հակաբիոտիկներից, հակավիրուսային, հակասնկային միջոցներից, որոնք նշանակվում են ինֆեկցիաների բուժման համար։

ԱՀԿ-ի տվյալներով՝ դեղամիջոցների նկատմամբ կայունություն ունեցող այդ ախտածինների պատճառով են հակամիկրոբային դեղամիջոցները կորցնում իրենց արդյունավետությունը, և ինֆեկցիաները բուժելը շատ ավելի բարդ է դառնում։ ԱՀԿ-ն հակամիկրոբային դեղամիջոցների, այդ թվում՝ հակաբիոտիկների «սխալ և չափից դուրս օգտագործումը» նշում է որպես «դեղակայուն ախտածինների զարգացման հիմնական գործոն»։

Հատկապես հակաբիոտիկները մեծ «ժողովրդականություն են վայելում», իսկ կորոնավիրուսային համավարակի շրջանում դրանց՝ առանց բժշկի նշանակման կիրառությունն ավելի աճեց։ Իհարկե, առողջապահության ոլորտի մասնագետներն աշխարհի տարբեր երկրներում թե՛ իրազեկման, թե՛ հետազոտական աշխատանքներ են տանում խնդրի բարելավման ուղղությամբ, բայց մինչ օրս հակաբիոտիկների օգտագործման հետ կապված մի շարք «առասպելներ» կան, որոնց դեռևս հավատում են շատերը։

Առասպել № 1․ Հարբուխը, գրիպն ու հազը ավելի հեշտ են բուժվում հակաբիոտիկներով։

Փաստ․ Հազը, գրիպն ու հարբուխը վիրուսային հիվանդություններ են, իսկ հակաբիոտիկները պայքարում են բակտերիաների, այլ ոչ թե վիրուսների դեմ։ Եթե պացիենտը չունի բակտերիալ թոքաբորբ, ապա հակաբիոտիկների ընդունումը լիովին անիմաստ և վտանգավոր է։ Անգամ եթե, ասենք, հարբուխի դեպքում մարդը հակաբիոտիկ է ընդունում և երրորդ օրը սկսում է իրեն լավ զգալ, դա չի նշանակում, որ հակաբիոտիկն է ազդել, դա պարզապես հիվանդության բնական ընթացքն է։

Առասպել № 2. Կարելի է դադարեցնել հակաբիոտիկների ընդունումն այն բանից հետո, երբ տվյալ հիվանդության ախտանշաններն անհետացել են։

Փաստ․ Եթե բժշկի կողմից հակաբիոտիկների կուրս է նշանակված կոնկրետ հիվանդության դեմ պայքարի համար, ապա պետք է ավարտել բուժման կուրսը՝ բժշկի ցուցումների համաձայն, անգամ եթե սկսել եք ավելի լավ զգալ, և ախտանշաններն անհետացել են։ Տարատեսակ ինֆեկցիաների բուժման համար նախատեսված հակաբիոտիկների ընդունման ժամկետները տարբեր են լինում, և պետք է պահպանել այդ ժամկետները, քանի որ կա հավանականություն, որ, բուժման կուրսն ընդհատելով, մանրէների մի մասը կմնա օրգանիզմում, իսկ դա կարող է հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայունության:

Առասպել № 3․ Ձեր ընտանիքի անդամները, ընկերները նմանատիպ ախտանշաններ ունենալու դեպքում, կարող են օգտագործել այն հակաբիոտիկները, որոնք օգնել են ձեզ։ 

Փաստ․ Երբեք մի օգտագործեք հակաբիոտիկներն առանց բժշկի նշանակման։ Եթե ինչ-որ մեկին որևէ հակաբիոտիկ օգնել է, չի նշանակում, որ այն հարմար է մյուսի համար։

Առասպել № 4․ Պահպանված հակաբիոտիկները կարելի է պահել ու կրկին օգտագործել։

Փաստ․ Նախորդ հիվանդությունից պահպանված հակաբիոտիկներով բուժումը խորհուրդ չի տրվում, եթե դրանք կրկին չեն նշանակվել բժշկի կողմից։ 

Առասպել № 5․ Մեր մարմիններն են կայունություն ձեռք բերում հակաբիոտիկների նկատմամբ։

Փաստ․ Ոչ միայն օրգանիզմն է ձեռք բերում կայունություն հակաբիոտիկների նկատմամբ, այլև բակտերիաները։ Խոսք է գնում ավելի դիմակայուն բակտերիաների մասին, որոնք փորձում են պաշտպանվել հակաբիոտիկներից։ Ահա թե ինչու ինչ-որ մեկի՝ հակաբիոտիկի անկանոն օգտագործումը կարող է ազդել հենց ձեզ վրա, անգամ եթե դուք խիստ զգուշավորություն եք ցուցաբերում հակաբիոտիկներ օգտագործելիս։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031