Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այլեւս ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար». Արթուր Թովմասյան

Մայիս 22,2023 23:35

«Մի առիթով Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ասել է՝ Աստված իշխանության մեջ չէ, այլ ճշմարտության: Մեր ճշմարտությունը մեկն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, ԼՂՀ ժողովուրդը հանրաքվեով իրացրեց եւ ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Ավելի վաղ, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, ԼՂ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է ԼՂՀ կազմավորման հռչակագիրն, ինչը համապատասխանում էր թե ԽՍՀՄ օրենսդրության նորմերին, թե միջազգային փաստաթղթերում ամրագրված ինքնորոշման իրավունքին»,-այսօր Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում ներկա էր 30 պատգամավոր, նիստը հրատապ հարցերի շուրջ էր, մասնավորաբար, այսօր կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության:

Արթուր Թովմասյանը նկատեց՝ անտեսելով ու զրոյացնելով ԼՂՀ անկախության Հռչակագիրը, ՀՀ վարչապետը հայտարարել է՝ «86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում»:

«Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն Արցախը 162 օր պահում է շրջափակման մեջ՝ շարունակելով դեռ 1980-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականությունը»,- հարցադրում արեց Արթուր Թովմասյանը՝ կոչ անելով աշխարհասփյուռ հայությանը, Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը՝ սատար կանգնել արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու եւ արարելու կամքին:

«Հարգելի պատգամավորներ, մենք այլեւս ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար, յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում. հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն:

Աստված զորավիգ ՀՀ եւ ԱՀ հանրապետություններին»,- իր խոսքը եզրափակեց Արցախի ԱԺ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031