ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսում հնչած միտքը, թե «86,6 հազար քառակուսի կիլոմետրը, որը Հայաստանը ճանաչում է որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք, ներառում է Ղարաբաղը և անկլավները (8 գյուղ)», ազգային-պետական շահերը հետապնդող և ի սպաս դրանց գործունեություն ծավալող բոլոր հայկական քաղաքական ու քաղաքացիական կառույցներին տալիս է լեգիտիմ ու անկաշկանդ հիմք՝ սկսելու և արագ իրականացնելու իշխանազրկման անբեկանելի գործընթաց, որը պետք է ենթադրի համահայկական ապստամբություն և ամբողջական իշխանազրկում:
ՀՀ գործող վարչակարգն ակնհայտորեն սպառել է հայաստանյան դիվանագիտական ու ռազմաքաղաքական դիմադրողականությունը, հայկական զույգ հանրապետությունները կանգնեցրել գոյութենական սպառնալիքի առջև՝ սպասարկելով բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի հայակործան օրակարգը: Մայիսյան հերոսամարտերի հիշատակման ամսում նման հայտարարության ու քաղաքականության որդեգրումը ոչ միայն հայ ժողովրդի՝ իր բնօրրանում ապրելու և զարգանալու իրավունքի նկատմամբ ոտնձգություն է, արժեքային ու ֆիզիկական կործանման հիմք, այլ նաև ներպետական օրենսդրական ու սահմանադրական բոլոր նորմերի, կարգի ոտնահարում, ապօրինի որոշում, որը ծառայում է բացառապես իշխող խունտայի քաղաքական ու ֆիզիկական երկարակեցության ապահովման նպատակին:
Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած մարիոնետային կառավարությունը չունեն իրավական, քաղաքական ու բարոյական որևէ իրավասություն՝ սահմանելու կամ ճշգրտելու Հայաստանի ու Արցախի տարածքային իրավազորությունն ու պատկանելությունը, սակարկության սեղանին դնելու ՀՀ և Արցախի ինքնիշխանությունը, հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և զարգանալու ժառանգական ու բնական իրավունքը:
Հայաստանը չի ճանաչել, չի ճանաչում և չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: «Խաղաղության օրակարգի» մոլորեցնող դրույթներում ներառված, այսպես կոչված, անկլավների խնդիրն արհեստածին է և Հայաստանում պարտվողական իշխանության քաղաքականության լիարժեք տապալման հերթական ապացույցը, որի իրականացումը ՀՀ-ն կտրելու է իր անմիջական՝ հյուսիսային և հարավային հարևաններից՝ Վրաստանից ու Իրանից, ՀՀ-ն դարձնելու է անվտանգային, քաղաքական, տնտեսական ու ռազմավարական առումով սնանկ, կիսապետական միավոր և բաց պոլիգոն՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ու տնտեսական երկարատև ներկայության համար:
Կարդացեք նաև
Վիճակն օրհասական է: Վաղն ուշ է լինելու: Սա հայության բոլոր շերտերի՝ շինական, թե զորական, մտավորական, թե ուսանող, կռիվն է:
Հայրենիքը մեկն է, միասնական, մեր բոլոր հակասություններն ու տարակարծությունները մեկ կողմ դնելն ու միասնական օրակարգով առաջնորդվելը՝ հրամայական: Հապաղելու և պառակտվելու իրավունք ու ժամանակ չունենք: Մենակ ենք և մեր դատի աջակիցները մեզ չեն օգնելու, քանի դեռ պետական իշխանությունում հանդուրժում ենք հայակործան և հայաստանակործան հրոսակախմբի ներկայությունը:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը պատրաստ է միանալ, նախաձեռնել, առաջնորդել, զինվորագրվել և մարդկային ու կազմակերպական ամբողջ ռեսուրսը հատկացնել քաղաքական կազմակերպված գործընթացի, որի օրակարգային խնդիրը Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի ապահովումն է՝ ՀՀ-ում գործող հայակործան վարչախմբի իշխանազրկման ճանապարհով:
Պի՛նդ եղեք:
«Ջենեսիս Արմենիա»