Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
-«86.6 հազար քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտում ձևաչափում». հարցին՝ գործող կառավարությունը ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, այսօր պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նորություն չէր, իհարկե, տարբեր բառախաղերով կամ ուղիղ ակնարկներով այս տարիների ընթացքում սա ասվել է, բայց հիմա, նման ուղիղ պաշտոնական հայտարարությունը նշանակում է, որ իրադարձություններն իրենց զարգացման վերջնական հանգրվանում են. այդպե՞ս է:
-Նախորդ մեր զրույցում արձանագրել էինք, որ բրյուսելյան հանդիպումից հետո, հայտարարված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել 86.6 հազար քառ. կմ տարածքով, նշանակում էր Արցախը հանձնել Ադրբեջանին։ Վարչապետ կոչեցյալն, իր այս ասուլիսով ևս մեկ անգամ վերահաստատեց, իր կողմից Արցախն ուրանալու մասին։ Մնացածը, իբր արցախցի մեր հայրենակիցների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով, պարզ է, որ վարչապետ կոչեցյալն ինքն էլ չի հավատում, որ Ադրբեջանի կազմում հնարավոր է երաշխավորել արցախցիների անվտանգությունը։ Ո՞վ կսպասեր, որ հայ մարդուն, այն էլ Հայաստանի ղեկավարին իր հայրենակիցների ճակատագիրը ոչ միայն չի հետաքրքրում, այլև պատրաստ է մասնակից լինել նրանց ցեղասպանությանը։ Մենք, ողջ հայ ժողովուրդն ապրում է մղձավանջային օրեր։ Եվ այդ մղձավանջը, ոչ թե բերել են օտար, քոչվոր նվաճողներն, ինչպես նախորդ դարերում, այլ ծագումով հայ գործիչը։ Եվ , այո՛ , հայրենիքի հանձնումը գտնվում է վերջնական փուլում։
-Ի դեպ, նաեւ անկլավների հարցում Նիկոլ Փաշինյանը հստակություն մտցրեց:
Կարդացեք նաև
-Սա նույնպես անսպասելի չէր։ Կարծեմ, անցյալ տարի Հ1-ով հատուկ հաղորդում տրվեց Տիգրանակերտը կոչելով՝ Քյարքի, նաև քպ-ական, տավուշցի մի պատգամավոր հայտարարեց Տավուշի տարածքում ադրբեջանական գյուղերի մասին։ Սրանցով մեզ նախապատրաստում էին կատարել Ադրբեջանի հերթական պահանջները, արդեն Հայաստանի հանրապետության հաշվին։
-Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա նման փաստաթուղթ չի կարող ստորագրել, դա առոչինչ կլինի կամ հանրությունը կընդվզի. 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ միանձնյա ստորագրեց, այլ վավերացում որեւէ պետական մարմնում այն չստացավ, բայց հիմք է շատ գործընթացների, իսկ ինչպես այն ժամանակ, այժմ էլ, հանրային բուռն ընդվզում եւ հակազդեցություն չկա: Հետեւաբար՝ ի՞նչ է լինելու:
-Հայաստանում, հատկապես՝ 2018թ․ հետո, խոսել իրավական հարցերից՝ թե վարչապետ կոչեցյալն իրավասու է, թե ոչ նման փաստաթուղթ ստորագրելու, կարծում եմ՝ անիմաստ է։
Դիցուք, եթե վաղը նա ստորագրի հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը, ի՞նչ կհաջորդի դրան՝ խորհրդարանական ընդդիմության կողմից սուր հարցե՞ր, թե դիմում Սահմանադրական դատարան։ Ցավոք, ընդդիմությունն անվերջ ձախողվում է, որն էլ հենց ազատում է վարչապետ կոչեցյալի ձեռքերը, իր տերերի մոտ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
-Նիկոլ Փաշինյանը արդարացրեց որդու՝ Աշոտի վարքագիծը, նաեւ զոհվածի ծնողի կալանավորումը մատուցելով «Հայաստանն իրավական պետություն է» սկուտեղով: Եթե վերանանք Աշոտի եւ տիկին Գայանեի միջադեպից, ի՞նչ է այս ամենով ցանկանում ցույց տալ Նիկոլ Փաշինյանը:
-Դրանով նա ապացուցեց, որ տիկին Գայանեի և իր որդու միջև եղած միջադեպը, նախօրոք պատրաստված սցենար էր։ Նախ, ինչպե՞ս նրա որդին, հանկարծ հայտվեց այնտեղ։ Ինչո՞ւ նա հանգիստ, կամավոր քայլեց և նստեց տիկին Գայանեի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում երկուսով էին և պարզ է, որ ոչինչ չէր սպառնում այդ տղային։ Ավտոմեքենայից դուրս նետվելուն պես, հայտվում է մեկը, որը նկարահանում է այդ պահը։ Հետո հաղորդագրություն առևանգման մասին «Պրավդա» թերթում, տղայի դիմում-բողոքը և մնացածն արդեն տրված էր , այսպես կոչված, իրավապահ մարմիններին։ Ցավալի է, որ իրենց անմաքուր խաղերում, ներգրավում են զավակներին։
Ինչ վերաբերում է «Հայաստանն իրավական պետություն է» արտահայտությանը, ապա եթե դա այդպես լիներ, ինքը՝ վարչապետ կոչեցյալը վաղուց կալանավորված և ցմահ դատապարտված կլիներ, ամենածանր քրեական հոդվածներով։ Ի՞նչ իրավական պետության մասին կարող է խոսք լինել, երբ ողջ դատաիրավական համակարգը գտնվում է նրա գրպանում և կատարում նրա ցուցումները։ Իսկ թե տիկին Գայանեին կալանավորելով ի՞նչ է ցանկանում ցույց տալ վարչապետ կոչեցյալը, փորձեմ պարզաբանել։ Չեմ բացառում, որ տիկին Գայանեին, վարչապետ կոչեցյալի ընտանիքը, հանձին վարչապետուհու, փորձել է հրավիրել, կամ այցելել, ֆինանսական աջակցություն ցույց տալ, կեղծ ժպիտով տիկին Գայանեի ընտանիքի հետ լուսանկարվել և այն տարածել: Երբ այս փորձերն անհաջողության են մատնվել և տիկին Գայանեն մնացել է անդրդվելի պայքարող, գործի է դրվել պլան Բ-ն։ Իսկ նպատակը բոլորին ահաբեկելն է, առանց խտրականություն դնելու, թեկուզ պատերազմում զոհվածի մայր։
-Եթե Հայաստանի շահերից ա բխում գնալ այդ լուծումներին, ուրեմն կգնանք այդ լուծումներին. հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` Անկախության հռչակագրի տեքստի փոփոխման կամ չեղարկման մասին հարցին ի պատասխան:
-Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ իշխանությունը զավթած, բարոյական տարրական արժեքներից և ազգային արժանապատվությունից զուրկ մի անձ, որոշում է, թե որն է Հայաստանի շահը։ Առանց չափազանցության եմ ասում, սա ազգային ողբերգություն է։ Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, ապա հիշենք, դեռևս 2019թ․ վարչապետ կոչեցյալի կողմից նախաձեռնած Սահմանադրական դատարանի կազմաքանդման գործընթացը։ Այն, փաստորեն շատ հեռահար նպատակ էր հետապնդում՝ Արցախը նվիրել Ադրբեջանին։ Եվ ի՞նչ եք կարծում, արդեն այսօրվա ՍԴ-ն ինչպիսի՞ որոշում կկայացնի։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ