«ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է, ինչ ձեւաչափով ու ինչ ծավալով կմասնակցենք, դա լրացուցիչ կքննարկվի»,- այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց քննարկո՞ւմ է, նա պատասխանեց․ «Մեր ընկալումն այն է, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանի Հանրապետությունից։
Այսինքն՝ եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ ՀԱՊԿ դուրս գալ ասելով՝ նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից, քանի դեռ այդտեղ կա հարց քննարկելու, այդ հարցը քննարկվում է»։
Փաշինյանը նաեւ հավելեց․ «Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք կարձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք մենք, ուրիշ բան մնո՞ւմ է մեզ անելու։
ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք Հայաստանի Հանրապետությունն այլ երկրների սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չի ունեցե՞լ։ Իհարկե, այդ հնարավորությունները եղել են, եւ այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ