Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելուն՝ ասաց, որ ոչ միայն աշխարհում դժվար թե նման այլ դեպք լինի, այլեւ դեպքը չի կորող լինել հանիրավի։
«Եթե անգամ տիկին Գայանեն զոհված զինծառայողի մայր չլիներ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ապօրինի է։ Նա ոչ մի իրավախախտում, ոչ միայն քրեական օրենսգրքով նկարագրվող, այլեւ առհասարակ որեւէ իրավախախտում թույլ չի տվել։ Փողոցով քայլող երիտասարդին ասել է՝ արի նստի իմ մեքենան։ Երիտասարդը նստել է ու բացի նրանից, որ ամրագոտի չի կապել, այսինքն, խախտել է երթեւեկության կանոնները, մեկ էլ հայտնվել է ճանապարհի երթեւեկելի գոտում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, թե տիկին Գայանեի մեղքը ո՞րն է։ Ես մինչեւ հիմա գիտեի, որ թափառող կենդանիներին փողոցից հավաքելը, տանել, խնամելը, կերակրելը, լողացնելը խրախուսվել է։
Տեսեք, մեկը չի ասում․ 21 տարեկան տղա ես, ոչ մի տեղ ոչ սովորում, ոչ աշխատում ես ու պետության ղեկավարի տղան ե՞ս։ Ես ասել ու հիմա էլ պաշտոնապես եմ ասում՝ հղումներ անելով․ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի հոդված 6.1-ի 3-րդ կետով վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։ Այսինքն, Աշոտ Փաշինյանը օրենքով հանդիսանում է պետական պահպանության օբյեկտ։
Հիմա ես ուզում եմ իմանալ, թե նա ինչի՞ է անտեր-անտիրական մնացել փողոցներում։ Ու առաջին անգամ չէ։ Մի անգամ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նրա նկատմամբ միջամտություն է եղել, եւ ինքը ելավ, հերքեց։ Այս անգամ էլ կարող էր հերքել, բայց երեւի ճնշում են գործադրել վրան։ Մենք տեսանյութ ենք տեսել։ Քրեական օրենսգրքում ասվում է, որ մարդկանց առեւանգումը ուժի գործադրմամբ կամ սպառնալիքով իրականացվող գործողություն է»։ Էդգար Ղազարյանը հռետորական հարց տվեց, թե այսպես կոչված առեւանգման մասին իր լրատվամիջոցում «հինգ րոպեն մեկ» սուտ տեղեկություններ հրապարակող մայրը գիտի՞, թե այդ դեպքից, ասենք, հինգ ժամ առաջ որդին որտեղ է եղել, գիշերը որտեղ է քնել, առավոտյան արթնացել՝ ինչ է կերել։
Կարդացեք նաև
Բայց ես ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ տիկին Գայանեն ինքը բռնության զոհ է եղել 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուր փառքի պանթեոնում։ Նայեք տեսանյութերը։ Նա այն մայրերից է, որոնց նկատմամբ ոստիկանները ուժ, բռնություն են գործադրել եւ տարել ոստիկանության բաժին։ Սա շատ կարեւոր է, թե հիմա ում են նորից բերման ենթարկում՝ փորձելով իրավական գործընթաց կարել։ Տիկին Գայանեն այն ծնողներից է, որոնք ստեղծել են «Որդիների կանչ» ՀԿ-ն, որը վերջին անգամ բողոքի գործողություն է իրականացրել Քննչական կոմիտեի դիմաց հենց սեպտեմբերի 21-ի դեպքի հանգամանքները պարզելու համար։ Եվ քանի որ անցած ութ ամիսների ընթացքում ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել, ՔԿ-ի մոտ երկօրյա բողոքի գործողությունից հետո հայտարարել են, որ իրենք այլեւս պայքարելու են ոչ միայն իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների համար, այլեւ իրենց պայքարը ունենալու է քաղաքական որակ։ Եվ այդ հայտարարությունից հետո սկսվել են այս բռնությունները: Այսինքն, տիկին Գայանեն միանշանակ քաղբանտարկյալ է, որովհետեւ քաղաքական հայտարարությունից հետո են սկսվել այդ հանիրավի բռնաճնշումները։ Եվ իմ համար մի բան պարզ է, որ նրան ձերբակալելու, կալանավորելու որոշումները կայացրել է ոչ թե քննիչը, ոչ թե դատախազը, ոչ թե դատարանը, այլ վարչապետի տիկինը
Անդրադառնալով կառավարության շենքի առջեւ ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի զոհված զինծառայողների սկսած նստացույցի եւ նրանց աջակիցների ու սատարողների առիթով Հանրապետության հրապարակում սահմանված ոստիկանական ուժեղացված ծառայությանը, Էդգար Ղազարյանն ասաց․ «Գիտե՞ք ինչքան ոստիկան կա։ Ես այնտեղից ոտքով եմ եկել։ Հանրապետության հրապարակ, Սախարովի հրապարակ, Շահումյանի հրապարակ ու այդ ամբողջ տարածքը։ Իմ հաշվարկով շուրջ 3000 ոստիկան կլինի»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ