Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Նիկոլ Փաշինյանը իր երեխայի անվտանգությունը չի կարողանում ապահովել, այլ մարդկանց իրավունքներն ինչպե՞ս կապահովի. արձագանքում է Սոնա Մնացականյանի մայրը

Մայիս 22,2023 20:10

2022 թվականի ապրիլի 26-ին  Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի ծնողները գործի քննության վերաբերյալ երկու անգամ հեռախոսազանգով իրենց դժգոհությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Aravot.am-ին պատմեց Սոնա Մնացականյանի մայրը:

«Առաջին անգամ ինքը խոստացավ, որ ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում: Երկրորդ անգամ մեր դժգոհությունը հայտնեցինք, որ մեղադրյալի խափանման միջոց կալանքը հանեցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրավապահների գործերին չի խառնվում, իրավունք չունի: Նաեւ հայտնեցինք մեր վրդովմունքը, որ ավտոշարասյունը ղեկավարող հրամանատարական կազմի կողմից ոչնչացվել են ձայնագրությունները, դրա մասին էլ ոչ մի պատասխան :

Բնական է՝ իրենց ձեռք էր տալիս:  Այդքանով վերջացավ հեռախոսազրույցը, այդ զրույցներից մենք ոչ մի արդյունք չենք ստացել: Հասկացանք՝ անիմաստ է, հիմա զանգահարենք, ի՞նչ ասենք: Եթե ոչ անմիջական, կողմնակի մեղավորություն ես ունենում, պետք է հետաքրքրվես չէ՞, ոչ թե ի լուր հանրապետության ասես՝ տեղյակ չեմ այդ գործի քննությունից: Իր անմիջական բացթողումն ասեմ, փնթի կառավարելն ասեմ, արդյունքում մարդ է մահացել, մահացել է հղի կին, արժանավոր քաղաքացի, իմ աղջիկը չէ, որ ասում եմ, ուրիշներն են ասում ու գոնե մի անգամ հետաքրքրվելու փոխարեն այդպիսի պատասխան: Այդ պատասխանը լրիվ իրեն բնութագրեց» ,- ասաց Սոնա Մնացականյանի մայրը՝ Արմինե Մակինյանը՝ արձագանքելով Փաշինյանի պնդմանը, թե Սոնա Մնացականյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի քննությունից ինքը տեղյակ չէ, բայց իր հեռախոսահամարն է տվել Սոնայի ծնողներին ու որեւէ չպատասխանված զանգ չկա:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի լրատվամիջոցների լրագրողներ վարչապետից հետաքրքրվել էին, թե ինչպես պատահեց, որ Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մարդ է կալանավորվել, իսկ իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքից մեկ տարի անց չկա, ո՛չ կալանավորված, ո՛չ էլ պատասխանատվության ենթարկված անձ: Կամ ինչպես պատահեց, որ Աշոտ Փաշինյանի գործի մանրամասներին լավ տիրապետում է, իսկ հղի կնոջ մահվան գործի ընթացքից ոչինչ չգիտի:

Տիկին Մակինյանին չի զարմացնում Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ մի կողմից Սոնա Մնացականյանի գործի վերաբերյալ անտեղյակ լինելու, մյուս կողմից Աշոտ Փաշինյանի գործին քաջատեղյակ լինելու վերաբերյալ. «Որովհետեւ այն, ինչ հիմա կատարվում է մեր հանրապետությունում, բարձիթողի վիճակ է: Պետական կառավարման համակարգում, երկրի ներսում կառավարման, ոչ մեկի համար գաղտնի չէ, որ Սոնայի դեպքը եղել է փնթի, անշնորհք, անհամաձայնեցված կառավարման ու ոչ կոմպետենտ, ոչ գրագետ անձնակազմ հավաքելու արդյունքում: Եթե մի երկրում ամեն մարդ չի անում այն գործը, որին ընդունակ է ու կոմպետենտ է, ես հասկանում եմ՝ նման դեպքերը շատ են լինելու ու լինում են»:

Տիկին Մակինյանը նկատեց, որ եթե երկրի ղեկավարը չի կարողանում պետականորեն սահմանված կարգով իր երեխայի անվտանգությունն ապահովել, այլ մարդկանց իրավունքներն ինչպես կապահովի. «Եթե մի մարդ չի կարողանում ապահովել իր ընտանիքի անդամի, երեխայի պատշաճ անվտանգությունը, որ նման զավեշտալի դեպքեր չլինեն, նշանակում է փնթի, անշնորհք կառավարել, ինչ ակնկալես էդ մարդուց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031