Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված է հնարավոր եղել համաձայնեցնել»․ Արարատ Միրզոյան

Մայիս 22,2023 19:20

«Նշել եմ, որ գործընթացին զուգահեռ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Շեշտել եմ, որ այն լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել ԼՂ-ում, այդ թվում նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի համար։ Ընդգծել եմ, որ այդ արգելափակումը ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության մաս է»,- ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հանդիպմանը։

Նա ասաց, որ գործընկերոջը ներկայացրել է նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովման հարցը բարձրացրել է։ Նա նշեց․ «Բանակցային գործընթացում Ադրբեջանը շարունակում է նաև ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան և սադրիչ գործողությունները, որոնք հակասում են Սոչիի և Պրահայի հանդիպումների արդյունքում ընդունված հայտարարություններին։ Այս համատեքստում հիշեցնեմ՝ հիմնական դեր ունի Ալմա–Աթային հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ»։

Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ՀՀ-ն պատրաստ է իրականացնել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իններորդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերագորրծարկումը, վերաբացումը կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց․ «Տարածաշրջանում համապարփակ և երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի լուծելու հանձնառությունը, տարածքային ամբողջականության՝ փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը, մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծումները, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կգնահատի Մոսկվայում հանդիպումները, Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ես կգնահատեի ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցած, այլև վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների ինտենսիվ փուլը։ Վաշինգտոնում ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ, երկար ու անկեղծ խոսակցություն ծավալել։ Կարող եմ առնվազն ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը նաև ավելի լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ բացի երկուսից, մի քանի հոդվածով էլ, ինձ այդպես են հավաստիացրել նաև մյուս կողմերը, հավանականություն կա գալ համաձայնության։

Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ ՀՀ համար սկզբունքային է, ինչպես նախկինում, որոշակիություն ունենալ սահմանազատման գործընթացի համար։ Նշեցիք նաև ենթակառուցվածքների ապահովման հարց։ Տրանսպորտային ապաշրջափակման հարցն այն հարց է, որտեղ կողմերն ամենամոտն են վերջնական կարգավորման։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք պատրաստ ենք և ավելին, շահագրգռված ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ և մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Ինքներս կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել, որ այս ենթակառուցվածքները ապաշրջափակվեն։ Դա ոչ միայն երկկողմ, այլև միջազգային մեծ գրավչություն կունենա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031