«Այո, նոյեմբերի 9-ի փաստաթղթում եղել է կետ, որ մենք ասել ենք՝ ոչ մի պարագայում չենք ստորագրի»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ կետերից մեկը վերաբերել է անկլավներին, երկրորդը՝ Հայաստանի տարածքով միջանցքին։ «Ավելին ասեմ՝ եղել են գործընկերներ, ովքեր իմ այդ դիրքորոշումը չեն կիսել, ասել են՝ անկլավներով էլ ստորագրի։ Հետագայում, իհարկե, այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ է մեղադրել, մեր հրաժարականն է պահանջել, բայց դա փաստ է։ Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները մեզ ասում էին՝ ինստիտուցիոնալ պետք է որոշում լինի, որ երկրի ղեկավարի կաբինետում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները պետք է ձայնագրվեն, ինչո՞ւ դա չի արվել։ Ես ցավում եմ, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, չեն արձանագրվել, որովհետեւ եթե արձանագրվեին, շատ մարդիկ շատ բաներ խոսելու ոչ մի տարբերակ չէին ունենա ուղղակի»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ իր քաղաքական թիմից եղել են մարդիկ, ովքեր ուղղակի էմոցիոնալ առումով չեն ցանկացել, որպեսզի ինքն ստորագրի։ «Եթե դեմ-երի ցանկը շարունակենք, կարող է իմ անունն էլ այդ ցանկում հայտնվի։ Ստորագրելուց առաջ քննարկումներ են եղել Գլխավոր շտաբի հետ, Գլխավոր շտաբն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի։ Ես ասել եմ՝ չեմ ստորագրելու»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ