Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե գերեվարված անձինք առաջիկա շաբաթների ընթացքում ազատ կարձակվեն, իսկ մոլորված քաղաքացիներն ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով։ Հարցին, թե ի՞նչ մոլորվածների մասին է խոսքը, հնարավո՞ր է Բաքուն պահանջի արտահանձնել երկու ադրբեջանցիներին, որոնք ներխուժել էին ՀՀ տարածք, եւ նրանցից մեկը սպանություն էր կատարել, Փաշինյանը պատասխանեց․ «Ես հաստատում եմ, որ կա ըմբռնում, որ մոլորվելու հետեւանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան։
Բայց նաեւ հաստատում եմ ձեր ասածը, որ այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցիներ չկան։ Այսինքն՝ բոլոր ադրբեջանցիները, ովքեր այս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ որոշել են եւ հատել են Հայաստանի հետ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք, ցանկացած ադրբեջանցի, ով մոլորված լինելու հետեւանքով կհայտնվի ՀՀ-ում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին»։
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՀՀ-ում գտնվող երկու ադրբեջանցիները կհանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանեց․ «Հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր եւ բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Այո, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե, իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետեւ մյուս կողմից մենք չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել։ Բայց որեւէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում, եթե համապատասխան եզրակացություն լինի, նախաքննությունը կուղարկի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ