Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց ռուսական զենքի մատակարարման մասին։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ գումարը վճարվել է, բայց Ռուսաստանը չի մատակարարում ՀՀ սպառազինությունը։ Հարցին, թե եթե զենքը չի մատակարարվել, գումարը վերադարձրե՞լ են, եթե ոչ, ինչպե՞ս է լինելու գումարի վերադարձը, Փաշինյանը պատասխանեց․ «Եթե հարցին մանրամասնությամբ պատասխանեմ, պիտի խոսեմ աշխատանքային մի շարք մանրամասների մասին, որոնք պատեհ չեն այսօր քննարկել, որովհետեւ այդ հարցերը քննարկման փուլում են։ Չեմ կարող աշխատանքային պրոցեսում գտնվող թեմաների շուրջ բովանդակային բացահայտումներ անել»։
Հարցին, թե ԱԽ քարտուղարի հայտարարությունն արդյոք Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարության հետ կապ ունե՞ր, որ Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր է տվել, բայց զենքը չի ստացվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, կապ ունի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ