Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ծրագրում է Արցախի տարածքում հակաահաբեկչական օպերացիաներ իրականացնել»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 22,2023 16:58

«Որքան այս իշխանությունը խոսում է, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է բանակցեն, դրան հետեւում են ադրբեջանական նոր այլանդակություններ՝ մի դեպքում տարածքային առաջխաղացման ձեւով, մյուս դեպքում՝ Հայաստանն Արցախին կապող միջանցքի հատվածում ադրբեջանական անցակետի տեղակայման ձեւով»,-այս մասին այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին եւ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցության հնարավորության մասին արած հայտարարություններին ։

Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել բարի ցանկությունների, բարի նպատակների մասին, իսկ Ադրբեջանը տեղում գործում է եւ գործում է բավականին համակարգված։

«Հաջորդ փուլում ակնհայտորեն երեւում է, որ Ադրբեջանը ծրագրում է Արցախի տարածքում այսպես կոչված` «հակաահաբեկչական օպերացիաներ» իրականացնել։ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Արցախի պաշտպանության բանակը, Արցախի ռազմականացված կառույցները, որոնք ինքնապաշտպանական գործառույթ են իրականացնում, փորձում է այն ներկայացնել որպես ահաբեկչական կառույցներ, ապօրինի ռազմական ստորաբաժանումներ եւ այլն։ Դրանով փորձում է լեգիտիմ հիմք նախապատրաստել Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար։ Հաջորդ քայլը, որը բխում է ադրբեջանական հայտարարություններից, կարող է լինել Արցախի նկատմամբ նոր ագրեսիան, որի հիմքում հակաահաբեկչական գործողությունն է։ Եվ մինչ Ադրբեջանը դրա համար փորձում է հիմք ձեւավորել, Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում ձեւավորում են այդ հիմքը եւ դա նոր ագրեսիայի է հանգեցնելու»,-ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը՝ «Մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը՝ 1975 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այսինքն՝ այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում․․․1975 թվականի քարտեզը կարող է եւ պիտի հիմք հանդիսանա նաեւ հետագա սահմանագծման աշխատանքների համար, որովհետեւ դա է ենթադրում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին», Աբրահամյանն ասաց՝ Ալմա-Աթիիում հղումը վերաբերում է 1991 թվականի իրավիճակին, իսկ ռուսական գլխավոր շտաբի քարտեզները 1977-78 թվականներին են․ «Բայց այս երկու-երեք տարում քննարկվել են տարբեր քարտեզներ, տարբեր պաշտոնյաներ դրա մասին խոսել են, դրանք վերաբերում են 36 թվականի քարտեզներին, 20-ականներին, բայց դրա համատեքստում մեկ կարեւոր բան պետք է հիշել՝ Ալիեւի խոսքի հիմքում այն է, որ իրենք, ըստ ժամանակագրության, օգտագործելու են այն քարտեզները, որոնք այդ պահին իրենց համար նպատակահարմար են։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը, եթե լինի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, իրականացնելու է սեփական պատկերացումներով, իսկ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների զիջողական վարքագիծն, ակնհայտ է, որ Հայաստանն այս պարագայում շարունակելու է զիջել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031