Տեղեկացրել ենք, որ այսօր Շիրակի մարզպետարան բողոքի էին եկել մսագործները, որոնք պնդում էին՝ մարզում սպանդանոց չկա, մինչդեռ իրենց հարկադրում են անասունին սպանդանոցային մորթի ենթարկել։ Ավելին, նրանց խոսքերով՝ ոստիկանությունը խաբելով՝ տուգանքներ է գրում իրենց վրա։
Ըստ մսագործների, մեր երկրում օրենքներն ընդունվում են՝ առանց նստած տեղերից շարժվելու։
«Օրենք են հանում ՝ առանց խելքները հասնելու, «կնոպկա» սեղմելով փող են աշխատում, մենակ «կնոպկա» ու միլիոններ են ստանում։ Իսկ մենք առավոտյան ժամը 5-ին ենք ելնում քներիցս, իրենցից են ոչ մի բան չենք ուզում։ Թողնեն աշխատենք, ոչ մի բան չենք ուզում, ո՛չ գողություն ենք անում, ո՛չ մուրացկանություն։
Էնպես են անում մեր երկրում, որ մարդիկ հանցագործ դառնան, ով իմ երեխու հացին քար գցեց, ես ատամներով կխեղդեմ։ Էնպես են անում, որ մարդկանց հրահրեն ամեն ինչի, երկիրը լքես, հետո էլ ասեն՝ Հայաստանը դատարկվում է։ Պատրաստի տները սարքած՝ թողնենք, գնանք, թուրքին բերեք, թող նստի, սպանդանոց ենք գովում »,-վրդովված ասում էր մսագործներից մեկը։
Կարդացեք նաև
Հարցուպատասխանն ընթանում էր Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի ու հավաքված մսագործների միջև։
Փոխմարզպետը հարցրեց․ «Ինչո՞ւ թողեցիք կոմբինատը քանդեցին»։
Մսագործներն իրենց հերթին հարցրեցին․ «Դուք ինչո՞ւ թողեցիք Հայաստանը քանդեին»։
«Հայաստանը կա, դուք էլ էս երկրում ապրում եք»,- վրդովվեց փոխմարզպետը։
Մսագործներից մեկն արձագանքեց․ «Հայաստա՞ն, «Հ» տառն է մնացել, էն էլ «պոեզի» տակ ընկած»։
Նրանք Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ իշխանությունն ամեն ինչ անում է մսի շուկան մոնոպոլիզացնելու, միսը գյուղացիների ձեռքից էժան գնով վերցնելու համար։
«Սաղ գյուղացու գլխին են ջարդում։ Գյուղացին էսօրվա դրությամբ զանգում է մի տաս հոգու, ով 100 դրամ թանկ տվեց, էդ մարդը կծախի իր ապրանքը, բայց հիմի կմնա մի հոգի, ինչ ձևի թելադրեց, գյուղացին ստիպված պիտի տա։
Մեկը պիտի հարստանա, մեզ էլ չպիտի թողնեն մեր երեխեքին պահենք»,- ասացին մսագործները։
Նրանք նշում էին, որ իրենք պետությանը հարկ են մուծում, ապօրինի չեն վաճառում միսը, այն համապատասխան ստուգման է անցնում։
«Թելադրող դարձնում եք մի հոգու, բայց աղքատության մեջ թաղված Շիրակի մարզում էսքան մարդիկ ինչ ձևի ապրեն։ Մի անասուն մորթում ես , 10 հոգի ապրում են՝ քյալլի գործ անողն ապրում է, թոքի ու խաղի գործը անողները՝ ևս։ Քանի ընտանիքի գործ եք կտրում, տալիս մեկի ձեռքը, մեկը անասունի գլխով կապրի, մեկը՝ թոքով։
20 տարի էս գործին ենք, ի՞նչ եք առաջարկում, գնանք, գողություն անե՞նք»- զայրացած ասում էին մսագործները։
Մի պահ մսագործներից մեկը շատ զայրացավ ու հայտարարեց՝ եթե այս երկրում զոհված զինվորի մորն են կալանավորում, չեն խնայում, ուրեմն իրենց ևս չեն խնայի։
Մարզի պաշտոնյաները խնդրեցին չքաղաքականացնել հարցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ