Լրահոս
Օրվա լրահոսը

«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյանը՝ հարցին, թե ճանաչո՞ւմ է Արցախը որպես Ադրբեջանի մաս

Մայիս 22,2023 16:33

«86.6 հազար քառ. կմ-ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտում ձևաչափում»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով News.am կայքի լրագրողի հարցին՝ երբ ասում է՝ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառակուսի կիլոմետրում, դրա մեջ նկատի ունի նաեւ Արցա՞խը. Նիկոլ Փաշինյանը ճանաչո՞ւմ է Արցախը՝ Ադրբեջանի մաս:

Լրագրողը պնդեց՝ հստակ ասել՝ ՀՀ գործող կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախն Ադրբեջանի մաս է:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի՝ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես ասել եմ, ավելի եմ կոնկրետացրել եւ ավելի կոնկրետ՝ դժվար եմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող եմ ասել: 86.6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի հանրապետության 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում մենք այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կմ տարածքը»:

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կարեւոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը եւ մանրամասնեց. «Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»:

Միջազգային երաշխիքները Նիկոլ Փաշինյանը կարեւորում է, որ հետագայում այդ քաղաքականությունը չշարունակվի:

Հարցին՝ 86.6 կմ քառակուսի կիլոմետրի մեջ նաեւ, այսպես կոչված, անկլավնե՞րն են ներառված, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «29.800 քառ. կմ-ի մեջ անկլավները նույնպես մտնում են, դրա մեջ մտնում է նաև Արծվաշենը: 86.600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել ու նայել» :

Նա հավելեց նաեւ, որ սահմանագծի հետ կապված հստակ ասում է, թե ի՞նչ տարբերակներ կան. անկլավների հետ կապված տարբերակները մի քանիսն են:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031