«Զորքերի հետքաշումն առնվազն չի հակասում Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞ր երկրի շահերից է բխում զորքերի հայելային հետքաշումը, երբ նախորդ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զորքերը ներխուժում են հայկական բնակավայրեր եւ դուրս չեն գալիս։
Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակիչները հարցադրում են անում, թե ո՞ւր պետք է հետ քաշվեն զորքերը, եթե դիրքերի հետեւում բնակավայրերն են։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․«Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ոչ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ոչ էլ․․․ Զորքը պետք է լինի զորամասում, որը կարող է լինել Գորիսում, օրինակ։ Իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը, որովհետեւ երբ սահմանի անվտանգությունը դե յուրե հիմնավորված է եւ միջազգային մեխանիզմներով ամրագրված է, այդ իրավիճակում զորքերը գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրում, իսկ սահմանին գտնվում են սահմանապահները»։
Ըստ նրա՝ պետք է լինի հստակ սահման, որը պետք է ներառի ՀՀ 29․8 հազար քկմ․ «Դա է գյուղացիների ու քաղաքացիների պատասխանը, մեր բոլորի պատասխանը»։
Հարցին, թե ի՞նչ միջազգային երաշխիքներ են լինելու, որ զորքերը հետ քաշելու դեպքում նոր օկուպացիա չի լինի, Փաշինյանը պատասխանեց․ «Դուք բարձրացնում եք հարց, որը քննարկման առարկա է բանակցությունների ընթացքում, եւ լուծում պետք է տրվի այդ հարցին։ Երբ այդ եւ մյուս հարցերը լուծում ստանան, կգնանք կստորագրենք խաղաղության պայմանագիրը, իհարկե, նախապես հանրությանը տեղյակ կպահենք, որ եթե համաձայնության գանք, կստորագրենք եւ ամեն ինչ կանենք, որ օր առաջ համաձայնության գանք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ