«Հայաստանի ԶՈւ եւ ԼՂ հարաբերությունների վերաբերյալ ես ոչ մի որոշում, այլ որոշում, չեմ կայացրել: Բոլոր որոշումները կայացված են եղել շա՜տ ավելի վաղուց: Եվ իմ որդին, որպես կամավոր, ծառայել է նաեւ ԼՂ-ում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
News.am լրատվական գործակալության լրագրողը հարցի իր իրավունքը զիջել էր ասուլիսի պահին կառավարության շենքի մոտ ցույց անող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին: Հիշեցնենք, զոհված զինծառայողների մայրերը շաբաթ օրվանից կառավարության շենքի մոտ հացադուլ եւ նստացույց են անում, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանին իբր առեւանգելու մեղադրանքով, մեկ ամսով կալանավորվեց զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանին երկու հարց ուղղեց մեր գործընկերուհի Ալիսա Գեւորգյանն, որի որդին՝ Դավիթը, զոհվեց 44-օրյա պատերազմում: Նա Նիկոլ Փաշինյանից հարցնում էր՝ ի՞նչ էր զգում, երբ հրահանգում էր կալանավորել Գայանե Հակոբյանին, որի որդին զոհվեց «ձեր ապիկար եւ դավաճանական քաղաքականության արդյունքում եւ որը, ի տարբերություն ձեր որդի Աշոտիկի, այսօր քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն ննջում է Եռաբլուրում»:
Ալիսա Գեւորգյանի մյուս հարցը հետևյալն էր. «Ժամանակին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Ձեր իշխանությունը մեր որդիներին զորակոչեց բանակ՝ եւ տարավ ձեր նշած Հայաստան-Արցախը պաշտպանելու: 44-օրյա պատերազմում մեր տղաները զոհվեցին: Այժմ, դուք ձեր դեմքի նույն հպարտ արտահայտությամբ հայտարարում եք, որ Արցախն Ադրբեջան է, պարզապես նախկիններն էին խաբել եւ այդ մասին չէին ասում: Եթե Արցախն Ադրբեջան էր՝ ինչո՞ւ մեր որդիներին տարաք եւ սպանեցիք Ադրբեջանում. դուք տարաք, ոչ թե նախկինները»:
Կարդացեք նաև
Զոհվածի մորը կալանավորելու հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն պատասխանել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ