Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե արդյոք Ադրբեջանի 86․6 հազար քկմ տարածքի մեջ, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ճանաչում են, մտնում են նաեւ այսպես կոչված անկլավները։ «Այո, որովհետեւ 29 800 քկմ մեջ Արծվաշենը նույնպես մտնում է։ Իսկ 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»,- հարցին այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը պետք է դիտարկել եւ նայել։ Սահմանագծի հետ կապված ես հստակ ասում եմ, թե ինչ տարբերակ կա։ Ակնկալների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են։ Դրանցից մեկը կարող է լինել, որ այս իմ գծած գծից երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են՝ մետր քառակուսիների ճշգրտումով։ Ենթադրենք, չափել Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա ՀՀ պատասխանատվության ներքո, իսկ մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադարձվեն։ Քաղաքական առումով այսպիսին է դիրքորոշումը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ