Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ ՌԴ սահմանապահ ծառայությունը մեծ չափերի շինարարություն է իրականացնում Մեղրիում, ընդլայնում է ծառայությունը, ի՞նչ է կատարվում։ «Այդտեղ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության, մասնավորապես, ԱԱԾ հետ համաձայնեցված կերպով։ Կվերստուգենք, թե ինչ գործողություններ են իրականացվում։ Եվ եթե այդ գործողություններն ինչ-որ համաձայնեցված շրջանակից դուրս լինեն եւ որեւէ ձեւով ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ կապված մարտահրավերներ պարունակեն, մենք այդ հարցն անպայման կքննարկենք»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կան տեղակայումներ, որոնց հայկական կողմը համաձայնել է։ «Բայց դա չի նշանակում, որ այդ տեղակայումները պետք է լինեն հավերժական, եւ մենք մեր ռուս գործընկերների հետ բոլոր մանրամասները կքննարկենք»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ